«Եթե բողոքը ճնշում ես և պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա». Էդմոն Մարուքյան
ԼՀԿ-ն առաջարկում է արտակարգ դրության օրերին հավաքների սահմանափակումը վերացնելու նախագիծ քննարկել ԱԺ-ում։ Կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ ԲՀԿ-ի արած հայտարարությանը ՍԴ դիմելու մասին, ասաց.
«Ես չեմ տեսել դիմում, չգիտեմ՝ ինչ հիմնավորում ա ներկայացվում, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես վերջին նիստի ժամանակ վարչապետին եմ դիմել ամբիոնից իմ ելույթի ժամանակ և ասել, որ կոչ եմ անում հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայել և հնարավորություն տալ, որ դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով՝ լինի հնարավորություն մարդկանց բողոքի ձայնը հնչեցնելու»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն օրվա առաջին կեսին լրագրողներին տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ են հանդես գալու, որի համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Իսկ առանց ԼՀԿ աջակցության այդ նախաձեռնությունը կյանքի կոչել հնարավոր չէ։
Էդմոն Մարուքյանը, իհարկե, համարում է, որ շատ կարևոր է մարդկանց՝ բողոքի ձայնը հնչեցնելու ֆունդամենտալ իրավունքն իրացնելու հնարավորություն տալը:
«Եթե բողոքը ճնշում ես և պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա, հետևաբար՝ շատ կարևոր է, որ մարդիկ, յուրաքանչյուրը իր ունեցած բողոքը կարողանան արտահայտել: Մեկի տան գազն են անջատել, ուզում ա բողոքի, թող բողոքի, տեսնենք, իմանանք դրա մասին: Մյուսի հետ կապված՝ այլ հարց կա, չգիտեմ… կառավարության դեմ ամեն օր ինչ-որ բողոքի ակցիաներ կան»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ ՍԴ պետք է դիմել բոլոր միջոցները սպառելու պարագայում: ԼՀԿ դիրքորոշումն է՝ մինչև ՍԴ դիմելը նախաձեռնել արտակարգ դրության ռեժիմի միջոցառումներից որևէ մեկը, այս դեպքում՝ հավաքների սահմանափակումն անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Մարուքյանն առաջարկում է ստորագրություններով ԱԺ նիստ հրավիրել և այդ նիստում դնել հավաքների սահմանափակումը վերացնելու հարցը:
Լրագրողի հարցին, թե եթե այդ ԱԺ-ում տապալվի այդ նախաձեռնությունը, ապա պատրա՞ստ են դիմել ՍԴ, Մարուքյանը արձագանքեց.
«Իսկ եթե Իլոն Մասկը մի հատ էլ, օրինակ, արբանյակ ստեղծի՞… չգիտեմ: Իսկ եթե դա կլինի, մենք կքննարկենք այդ հարցը»: