Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները քննելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին մենք կաջակցենք, բայց պայմանով. Էդմոն Մարուքյան

«Մենք ստացել ենք քիչ առաջ գրություն՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված: Պետք է ասեմ հետևյալը, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից դեռևս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին կոչ է արել Վանեցյանը, որ ստեղծեն հանձնաժողով, որից հետո այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնել է նշված քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Երբ որ ես ասում էի, որ խորհրդարանը քննիչ հանձնաժողով միգուցե ստեղծի և քննի, ես դրա մեջ նաև ասել եմ, որ պետք է դիտարկել նաև նպատակահարմարության հարցը՝ թե որքանո՞վ է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Որովհետև ցանկացած հանձնաժողով, որը ձևավորվում է, «Դոնթի բանաձև»-ով՝ քաղաքական մեծամասնությունը էնտեղ ունի ձայների մեծամասնություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման, կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրելու համար:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունն այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ: Մարուքյանի խոսքով՝ եթե այժմ անգամ իրենք միանան «Բարգավաճ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, այն կստեղծվի միայն սեպտեմբերին՝ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջին համապատասխան: Խմբակցության ղեկավարը նաև հավելեց.

«Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ, եթե հանձնաժողովը նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը: Ինչո՞ւ, որովհետև նախ՝ կրկնում եմ, գաղափարը մեր գաղափարն է և պետք է էս առումով, կարծում եմ, առաջնահերթություն տրվի գաղափարի իրականացման գործում: Եվ երկրորդը նաև՝  խորհրդարանում կա երեք քննիչ հանձնաժողով, մեկը նախագահում է «Իմ քայլը» դաշինքը, ևս երկու քննիչ հանձնաժողով, որը նախագահում են ԲՀԿ ներկայացուցիչները»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ իսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չհամաձայնի իրենց պայմանին, ապա ի՞նչ զարգացում կունենա գործընթացը, Էդմոն Մարուքյանն ասաց, թե էլի կքննարկեն, «բայց կարծում եմ, թե մեր դիրքորոշումը շատ արդար է և կշռադատված»:

Իսկ արդյո՞ք մտավախություն չունեն, որ «Լուսավոր Հայաստան»-ի ուժերը կօգտագործվեն քաղաքական շահարկումների համար, լրագրողների այս հարցին Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենց ուժերն օգտագործվելու են միայն «Լուսավոր Հայաստան»-ի օրակարգերով:

«Մեր ուժը հասել է այն մակարդակին իր քաղաքական հասունությամբ, որ մենք մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անենք՝ դա անում ենք, որոշում  ենք չանենք՝ չենք անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իրենք որևէ մտավախություն չունեն, երբ քայլ են կատարում, որն առնչվում է իրենց օրակարգին։  Իսկ եթե որևէ մեկն  իրենց որոշումներն ինչ-որ ձևով փորձի շահարկել, ապա նման դեպքերում քաղաքական միավորը պետք է ամուր պահի իր ողնաշարը։

Տեսանյութեր

Լրահոս