«Իրենց իրավունքներն իրականացնելու հետ կապված՝ որևէ խնդիր չեմ տեսնում». Հրաչյա Հակոբյանը՝ ԲՀԿ-ի նախաձեռնությունների մասին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ բոյկոտում են ու ողջ խմբակցությամբ դուրս են գալիս նիստերի դահլիճից։

Ավելի ուշ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը հայտնեցին, որ խմբակցությունը պատրաստվում է երկու նախաձեռնությամբ հանդես գալ՝ նախ՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հանգամանքները, ապա նաև դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման օրինաչափությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նորմալ է վերաբերվում ԱԺ իրենց գործընկերների՝ թե՛ նիստը բոյկոտելու վերաբերյալ, թե՛ մյուս երկու նախաձեռնությունների վերաբերյալ որոշումներին:

«Դա իրենց իրավունքն է։ Եթե ուզում են այդպիսի գործընթաց սկսել, կարող են սկսել»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ առաջարկին՝ ասաց Հ. Հակոբյանը:

Արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման օրինաչափությունը ՍԴ-ում վիճարկելու որոշման մասին էլ նա այսպես արձագանքեց.

«Թող դիմեն, որևէ խնդիր չեմ տեսնում. իրենց իրավունքներն իրականացնելու հետ կապված՝ որևէ խնդիր չեմ տեսնում»:

Մեկնաբանելով ԲՀԿ-ի կողմից հնչող այն տեսակետները, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ պատգամավորը շեշտեց.

«Սա կոնկրետ իրավական գործընթաց է, որևէ ձևով չի առնչվում քաղաքականությանը: Երեկ Գլխավոր դատախազն էլ ասաց, որ գործընթացը սկսված է եղել դեռևս փետրվար ամսից, այսինքն՝ փաստերն ի հայտ են եկել փետրվար ամսից: Այնպես որ, պետք է փոքր-ինչ հիասթափեցնեմ, և պետք է տեղերով փոխենք իրենց ասածը՝ ոչ թե այս գործընթացն է իրենց այն հայտնի ժողովի հետևանք, այլ այդ ժողովն էր այս գործընթացների հետևանք»:

Արդյո՞ք այս ընթացքում առիթ եղել է զրուցելու ԲՀԿ գործընկերների հետ և այս թեմային անդրադառնալ՝ հարցին ի պատասխան էլ՝ զրուցակիցը տեղեկացրեց՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս