«Գործ ունենք մի կառավարության հետ, որը չունի էներգետիկ քաղաքականություն, չունի էներգետիկայի նախարարություն, չունի էներգետիկ ռազմավարություն». Արմեն Մանվելյան

ՀՀ կառավարությունն օրերս ընդունեց որոշման նախագիծ, որը վերաբերում է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերակառուցմանը։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում առաջարկեց ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի շրջանակներում:

«Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18,7 միլիարդ ՀՀ դրամ, 2021 թվականին՝ 31,5 միլիարդ դրամ, և 2020 թվականին՝ 13 միլիարդ ՀՀ դրամ»,- մանրամասնեց նախարարը։

Մերձիշխանական շրջանակների կողմից այս որոշումը որակվեց՝ որպես էներգետիկ անկախացմանը տանող քայլ:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, սակայն, որպեսզի հնարավոր լինի խոսել էներգետիկ անկախացմանը տանող քայլերի մասին, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են հրաժարվում, ի՞նչն ինչով են փոխարինում, և այլն:

«Արդեն ասել են, որ ինչ-որ պարտատոմսեր են պատրաստվում տպել և պարտատոմսերի գումարների մի մասն ուղղել դրան: Նախ, եթե բյուջեում փող ունենային, իրենց ծրագրերը կանեին, եթե իրենք գնում են պարտատոմսերի թողարկման ճանապարհով՝ ասեմ, որ պարտատոմսերը շատ ավելի թանկ են, քան այն վարկը, որից իրենք հրաժարվել են (ռուսական վարկը տարեկան 3 %-ով էր, իսկ ցանկացած պարտատոմս, որը տպվում է, մինիմումը պետք է 8% լինի)»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշմանը՝ նշեց Ա. Մանվելյանը:

Նա հավելեց՝ եթե անգամ հրաժարվեն ռուսական վարկից, չեն կարողանա հրաժարվել «ՌոսԱտոմի»-ի հետ աշխատելուց.

«Միակ կազմակերպությունը, որը կարող է ռեակտորը վերանորոգել, «Ռոսատոմն» է, որովհետև ռուսական տեխնոլոգիա է, և այլ կառույցներ, այլ պետություններ չունեն համապատասխան տեխնոլոգիաները: Այդ ռեակտորների շուկաներում ընդամենը կա երեք տեխնոլոգիա՝ ռուսական, ֆրանսիական և ամերիկյան, և ատոմակայանները, որոնք ԽՍՀՄ-ն էր կառուցել, միայն ռուսներն են սպասարկում, որովհետև մյուսներն ուղղակի ի վիճակի չեն անել»:

Մեր նկատառմանը, թե կառավարությունը, որպես որոշման հիմնավորում, նշում էր, թե ռուսական կողմի մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսաստանյան արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունները, էներգետիկ անվտանգության հարցերով մասնագետն արձագանքեց.

«Ես կարող եմ պնդել, թե անկախ նրանից՝ վարկը ով կտա՝ հայկակա՞ն կողմը, ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան կողմը, միևնույն է՝ իրենք այդ ծառայությունները և ապրանքները ստիպված են գնել ռուսական կողմից, որովհետև ատոմակայանում ռուսական տեխնոլոգիա է: Նման տեխնոլոգիա վերջին տարիներին սկսել է օգտագործել նաև Չինաստանը»:

Հարցին՝ Չինաստանից հնարավոր չէ՞ ձեռք բերել այդ ապրանքները, Ա. Մանվելյանը պատասխանեց.

«Սկզբունքորեն հնարավոր է, բայց չեմ կարծում: Այստեղ ինչ-որ մեծ գումարների մասին չէ խոսքը, որ չինացիները ցանկանան մտնել այս խաղի մեջ:
Հնարավոր չէ վերանորոգել ռեակտոր, որի մասերի 80 տոկոսը գնում ես ռուսներից, 20 տոկոսը՝ չինացիներից. գուցե խնդիրներ էլ առաջանան՝ այդ մասերն ուղղակի իրար հետ չաշխատեն, և այլն»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա հայաստանյան էներգետիկ համակարգի վրա, նա նշեց.

«Դժվարանում եմ ասել, որովհետև մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը չունի էներգետիկ քաղաքականություն, չունի էներգետիկայի նախարարություն, չունի էներգետիկ ռազմավարություն: Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ են հասկանում, երբ ասում են՝ էներգետիկ շահեր, ինչպե՞ս են դրանք ցանկանում սպասարկել, ինչպե՞ս են կապում ազգային անվտանգության խնդիրների հետ, և այլն: Այստեղ շատ հարցեր կան, որոնց պատասխանները ես չգիտեմ: Իսկ այն, ինչը որ իրենք են անում այս վերջին երկու տարիների ընթացքում, ցույց է տալիս, որ իրենք էլ չգիտեն դրանց պատասխանները»:

Մասնագետի համոզմամբ՝ պատասխանատուները հաճախ անհասկանալի քայլեր են ձեռնարկում, որոնք շատ դեպքերում վտանգում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և լուրջ խնդիրներ առաջ բերում, իսկ վերջին որոշումը, ըստ նրա, ավելի շատ ռիսկեր է պարունակում, քան առաջընթացի հնարավորություն:

Արձագանքելով մեր դիտարկմանը, որ հայկական և ռուսական կողմից հնչեցին կարծիքներ, թե իրավիճակը երկուստեք հարաբերություններում խնդրահարույց չէ, նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էին անդրադարձել թեմային, նա ասաց.

«Ես էլ եմ լսել Կոպիրկինի արձագանքը: Ինքը դեսպան է և շատ դիվանագիտական պատասխան է տվել, բայց առանց նույնիսկ դեսպանի այդ պատասխանի՝ մենք ինքներս ենք տեսնում, որ մենք խնդիրներ ունենք հայ-ռուսական հարաբերություններում, իսկ էներգետիկան հայ-ռուսական հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է:

Էներգետիկայի բոլոր ոլորտներում էլ մենք խնդիրներ ունենք՝ և՛ գազի, և՛ միջուկային էներգետիկայի, և այլն:

Իսկ այդ ռեակտորի կառուցումը ռիսկային է, և ռիսկային է՝ մի քանի առումներով: Այդ ծրագիրը, որն անում ենք, իրագործում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ, և ՄԱԳԱՏԷ-ն որոշակի ժամանակ է տվել ծրագրի իրականացման համար (ՄԱԳԱՏԷ-ի համար սկզբունքորեն մեկ է, թե մենք ում հետ կանենք, թեև շատ լավ հասկանում են, որ միայն ռուսների հետ կարող ենք անել, քանի որ դա ռուսական ռեակտոր է, ռուսական տեխնոլոգիա է), և, եթե մինչև 2021 թվականը դա չիրականացնենք՝ խնդիրներ կունենանք»:

Տեսանյութեր

Լրահոս