«Դա այնքան էլ կոռեկտ չէ»․ դեսպան Կոպիրկինը՝ ատոմակայանի շահագործման վարկային համաձայնագրի մասին
«Ռուսական վարկի մեծ մասն արդեն իսկ ծախսված է»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել։
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու համար Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ 2015 թվականին 270 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր էր կնքել: Արդեն այս տարի ռուսաստանյան կողմն առաջարկել էր ևս 2 տարով երկարաձգել վարկը։ Սակայն, ըստ Կառավարության, այդ մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսաստանյան արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունները։ Ուստի ՀՀ կառավարությունը պետական բյուջեից ավելի քան 63 միլիարդ դրամ է հատկացրել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերազինման ու արդիականացման համար։
Դեսպան Կոպիրկինն ասաց, որ ԶԼՄ-ների հրապարակումներում ասվում է, որ հայկական կողմը հրաժարվել է ռուսական վարկից։ «Դա, որքանով ինձ է հայտնի, այնքան էլ կոռեկտ չէ։ Վարկի մեծ մասը՝ 200 մլն ԱՄՆ դոլարը, 270 միլիոնից արդեն ծախսված է, այսինքն՝ խոսքը մնացած ոչ մեծ մասի մասին է։ Ցավոք սրտի, աշխատանքները չեն ավարտվել մինչ միջկառավարական համաձայնագրերի ժամկետի սպառումը, չեմ ասի պատճառների մասին, դրանք տարբեր են։ Բնականաբար, բարձրացավ վարկի երկարաձգման հարցը, բայց այդ մասով շարունակվում են մեր երկրների Ֆինանսների նախարարությունների միջև խորհրդակցությունները, դեռ պայմանավորվածություն չի հաջողվել ձեռք բերել, բայց դա չի նշանակում, որ հարցը փակված է։ Պարզապես ներկայումս հայկական կողմը, հաշվի առնելով ժամանակային գործոնը, որոշել է աշխատանքների մի մասը, որոնք անհրաժեշտ է իրականացնել, իրականացնել սեփական միջոցներից՝ չկորցնելու համար ժամանակ։
Բացատրեմ՝ Ատոմակայանի շահագործման լիցենզիան գործում է մինչ 2021 թվականը, այն լրանում է 2021 թվականին, որպեսզի լիցենզիան վերականգնվի՝ անհրաժեշտ է իրականացնել մի շարք լուրջ աշխատանքներ՝ բարձր տեխնոլոգիական, որոնք պահանջում են պայմանագրերի կնքում, տեխնիկայի ներդրում, աշխատանքներ, որոնք պահանջում են երկար և մասշտաբային աշխատանքներ։ Որպեսզի ժամանակ չկորցնեն և տեղավորվեն այս ժամկետներում, որոշում կայացվեց վարկի հարցը հետաձգել և այս ամենը կազմակերպել սեփական միջոցները ներգրավելով։ Ներկայումս համաձայնեցված է այդ աշխատանքների հիմնական չափանիշերը, այս ամենը նորմալ ռեժիմում ընթանում է, ուստի ոչ մի ողբերգություն, աղետ չկա, հասկանալի և աշխատանքային իրավիճակ է»,- ասաց դեսպան Կոպիրկինը։