«Իրավիճակն այնպիսին է, որ նպատակ է դրված մարդկանց լռեցնել ու հպատակեցնել». Ավետիք Իշխանյան

Եթե երկրում հաստատված արտակարգ դրությունը ծառայեր իր նպատակին, ապա չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչները բողոքեին դրա երկարաձգումից, որովհետև արտակարգ դրության պայմաններում սովորաբար երկրներում հաստատված է լինում համերաշխության մթնոլորտ, իսկ քանի որ մեզանում այն իր նպատակին չծառայեց ,և սկսվեցին ռեպրեսիաներ և այլն, հայտարարված այդ արտակարգ դրությունը դարձավ քննադատությունների առարկա։ Այսօր 168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Սրան գումարած՝ մի կողմից՝ ունենք վարչապետի ահաբեկումներ՝ ընդդիմության նկատմամբ, մյուս կողմից՝ կա ռեպրեսիվ ապարատի աշխատանքը, և ում նկատմամբ քրեական գործեր են հարուցում, կպչում են այդ մարդկանց ամենաթույլ տեղերին՝ հարազատներին, հայրերին, երեխաներին։ Գործում է նաև կոմպրոմատների տարբերակը։ Մյուս դեպքում էլ ընդունվում են այս պայմաններում օրենքներ, որոնք շատ խնդրահարույց են և պահանջում են ընդդիմությունից լռել և չբողոքել։ Սա, կարելի է այսպես բացատրել, քանի որ համավարակ է Հայաստանում, և մենք պայքարում ենք, իհարկե, չակերտների մեջ, որովհետև պայքարը տեսնում ենք, ապա դուք պետք է հանձնվեք ու դառնաք հպատակ այնպես, ինչպես այն 88 հոգին են։ Իրավիճակն այնպիսին է, որ նպատակ է դրված մարդկանց լռեցնել ու հպատակեցնել։ Ովքեր չեն հպատակվում, նրանց դեմ գործում են Ազգային անվտանգության ծառայությունը և այլ մարմիններ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ վարչապետն իրեն անվստահություն հայտնելու հարցից ապահովագրված է, քանի որ այն քաղաքական մեծամասնությունը, որն ինքն ունի խորհրդարանում, դա թույլ չի տա։

«Այն մեծամասնությունը, որն ունի վարչապետը… այդ դեպքում նրա հրաժարականի պահանջը արդյունք չի տա»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ օպերատիվ հնարավորություններ ունեցող մարդիկ պետք է զբաղվեն այն մարդկանցով, որոնք հայտարարում են, թե կորոնավիրուս չկա և այլն, իրավապաշտպանն ասաց.

«Ես այսօրվա այդ հայտարարությունը համեմատում եմ այն մեկի հետ, երբ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի սատանաներով։ Ես չգիտեմ, կա՞ն Հայաստանում մարդիկ, որոնք չեն հավատում վարակին, եթե կան էլ, ապա այդպիսիք կան ամբողջ աշխարհում, և դա այդ մարդկանց կարծիքն է, և ես չեմ կարծում, որ այդ կարծիքն է պատճառը ՀՀ-ում ստեղծված այս ճգնաժամային իրավիճակի։ Եթե վարչապետը սատանաներից հետո այլոց է փնտրում, ապա դա վկայում է անկարողությունից մեղավորներ գտնելու ցանկության մասին»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ամեն օր լսում ենք վարչապետի սպառնալիքները՝ ուղղված ընդդիմության, տարբեր քաղաքական ուժերի դեմ, և դա կապված չէ այն բանի հետ, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը։

«Դեռ այդպիսի քննադատություններ չկային, բայց վարչապետը հիշեց ինչ-որ կորոնավիրուսային դատարանի մասին, ինքն է անընդհատ հրահրում պառակտում. այդ պառակտումը Նիկոլ Փաշինյանի և նրա հպատակ որոշ պատգամավորների կողմից է գալիս, այնպես որ, համերաշխության փլուզման կամ դա չստեղծելու հիմնական պատասխանատուն իշխանությունն է»,- ասաց Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ իշխանության անհաջողակ կառավարման հետևանքով ունենք նաև մահվան այնպիսի դեպքեր, որոնք կարող են բնութագրվել՝ որպես սպանություններ։

«Հայաստանում ամենաանհաջողակ կառավարման մակարդակն է, որևէ մեկի վրա թող պատասխանատվությունը չգցեն։ Սորտավորում են մարդկանց, հիվանդանոց մարդը չի հասնում և մահանում է, և սա, թող ինձ ներեն, կարելի է բնութագրել սպանություններ. խոսքը գնում է այն երկու դեպքի մասին»,- ասաց Իշխանյանը։

Դիտարկմանը, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով, Ավետիք Իշխանյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ պարոն Ղազինյանն էլ շատ լավ գիտի, որ որևէ հետևանք չի ունենա իր դիմումը, որովհետև ի տարբերություն, օրինակ, Իտալիայի, որը իրավական պետություն է, այնտեղ դատախազությունը չի ենթարկվում վարչապետին, այնտեղ այդ մարմինները պետական կառույցներ են, ինքնուրույն են գործում։ Հայաստանում դատաիրավական համակագը վարչապետին ենթակա կառույց է, ուստի հակառակը կարող է լինել. կարող է վարչապետը հանձնարարել Դատախազությանը այդ դիմումի հիման վրա գործ հարուցել պարոն Արթուր Ղազինյանի նկատմամբ»: Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ կախված է իշխանությունից։

«Իսկ այդ ցուցադրական բաները, թե վարչական տույժի ենթարկվեց վարչապետի կինը, կամ ազգականը պատասխանատվության է ենթարկվել, ցուցադրական բաներ են։ Ինչպես հրահանգով ընդդիմության նկատմամբ են գործեր հարուցվում, այնպես էլ ոստիկանությանը հրահանգ է տրվել՝ այս բանը արեք, հետո 100 փաստի մեջ կնշենք»,- ասաց Իշխանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս