Արտակարգ դրությունը երկարաձգում են` հանրային դժգոհությունը ճնշելու նպատակով. Ավետիք Չալաբյան
Կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշում կայացվեց՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 3-րդ անգամ երկարաձգել մինչև հուլիսի 13-ը, և որոշումն ուղարկվեց Ազգային ժողով։
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այն համաճարակային խնդիրը, որը դրված էր մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու հիմքում, հաղթահարված չէ, ուստի անհրաժեշտ է այս ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով։
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, սակայն, չի կիսում պնդումը, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է համավարակի դեմ պայքարի համատեքստում։
168.am-ի հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ երկրում հաստատված արտակարգ դրության երկարաձգումն իշխանության համար ժողովրդին ճնշելու և իշխանությունը պահելու միջոց է։
«Երկրում արտակարգ դրություն երկարաձգելու կարիք չկար, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կարելի էր կարանտինը պահել, հետևաբար՝ Կառավարության այս որոշումը սեփական իշխանությունը երկարաձգելու և մարդկանց փողոց դուրս գալու իրավունքից զրկելու միջոց է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ իշխանությունը համավարակի դեմ պայքարն արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ տապալել է, հետևապես՝ իմաստազուրկ է նրա երկարաձգումը ևս մեկ անգամ։
«Այս քայլով նրանք փորձում են ժամանակ շահել և հետաձգել սեփական հեռացումը։ Միևնույն ժամանակ՝ ուղղակի հնարավոր չէ չնկատել արտակարգ դրության երկարաձգման և ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի 4-րդ մասի կապը միմյանց հետ։
Ըստ սահմանադրության՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Սահմանադրությունը սահմանում է նաև, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»,- ասաց նա։
Հավելենք, որ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ բացել էր քվարկություն։
2 ժամվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է 1100 օգտատեր, որոնց 72 տոկոսը դեմ է արտակարգ դրության երկարաձգմանը, 28 տոկոսը՝ կողմ։