Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ներքաղաքական պայքարի պատանդը, պատանդը ինչ-որ անձանց զուտ ներքաղաքական շահերի․ դեսպան Կոպիրկին
«Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարի գործում»,-այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ներկայացնելով այն աջակցությունը, որը Ռուսաստանը տրամադրել է Հայաստանին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում։
Նա նշեց, որ Ռուսաստանը և Հայաստանը, ինչպես երկու դաշնակցային և եղբայրական երկրներ, որպես ԵԱՏՄ անդամներ սերտ համագործակցում են համավարակի դեմ պայքարի շրջանակում։ Ըստ նրա, արտակարգ դրության հաստատման առաջին իսկ օրերից երկու երկրների կառավարությունների ղեկավարները, ԱՆ փոխնախարարները, այլ գերատեսչությունները մշտական կապի մեջ են։ Դեսպանի փոխանցմամբ, ամենավաղ շրջանում ՌԴ պրոֆիլային գերատեսչությունը, որը պատասխանատու է համավարակային անվտանգության համար՝ «Ռոս պոտրեբնոդզոր»-ը փոխանցել է հայ գործընկերներին 1500 թեստ ինֆեկցիայի բացահայտման համար, ևս երկու անգամ անվերադարձ կերպով ՀՀ ԱՆ-ին տրվել են թեստային համակարգեր, որոնք նախատեսված են 20 հազար թեստի համար յուրաքանչյուրը, ինչպես նաև համապատասխան ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտներ։ Նրա գնահատմամբ, էական ներդրում է ՀՀ-ում ունենում ապրիլից ՀՀ-ում գտնվող մոբիլ ախտորոշման լաբորատորիան, որի` Հայաստանում գտնվելը երկու երկրների պաշտպանության նախարարների միջև պայմանավորվածությունների արդյունք է։ «Կցանկանայի նշել, որ նմանատիպ համակարգեր Հայաստանից բացի արտասահմանում ունեն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատելու ընթացքում ռուս մասնագետներն իրականացրել են մոտ 7 հազար թեստ»,- ասաց դեսպան Կոպիրկինը, շարունակելով, որ օրերս հայկական կողմին տեղեկացրել են, որ շարունակելու են իրենց աջակցությունը՝ այդ թվում նյութատեխնիկական, Հայաստանին, պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին։ Դեսպան Կոպիրկինի տեղեկացմամբ, «Ռոսպոտրեբնադզորը» անվերադարձ կերպով Հայաստանին 7 ռուսական արտադրության մեքենաներ է նվիրել, ինչպես նաև համակարգչային և այլ տեխնիկա, որոնք օգտագործվելու են սահմանային բժշկասանիտարական կետերում։
«Պետք է ասեմ, որ կորոնավիրուսի դեմ պայքար վարում է նաև մեր միացյալ ԵԱՏՄ-ն, որը ոչ պարզ իրավիճակներում դրսևորեց իր արդյունավետ գործակցելու ունակությունը հանուն անդամ երկրների։ Մասնավորապես դեղորայքի և բժկական օգնության դեֆիցիտից խուսափելու նպատակով օպերատիվ կերպով հանվել են արտահանման մաքսային սահմանափակումները որոշ միջոցների դեպքում։ Միաժամանակ կա արտահանման սահմանափակում նման ապրանքների երրորդ երկրներ»,- ասաց դեսպանը, շարունակելով, որ նման արտոնություններ են սահմանվել առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Բանախոսը շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում անմասն չեն մնացել ռուսական կապիտալով ՀՀ-ում աշխատող ընկերությունները, որոնք դրսևորում են բարձր սոցիալական պատասխանատվություն, ինչպես օրինակ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «էլեկտրական ցանցեր Հայաստան»-ը, որոնք միջոցներ են փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «Այն ընկերությունները, որոնք չեն կարողացել դադարեցնել աշխատանքը, իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրենց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգության համար։ Որոշ դեպքերում հատուկ ֆոնդեր են ստեղծվել կորոնավիրուսով վարակված աշխատակիցների ընտանիքների համար։ Պետք է ասեմ, որ չնայած բնական սահմանափակումներին պայմանավորված համավարակով մեր ընդհանուր ինտեգրացիոն կառույցը շարունակում է ակտիվ աշխատել, արդեն նշեցի ինչ է իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց ընդհանուր առմամբ շարունակվում է այդ կառույցների ընթացիկ աշխատանքը»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։ «Բնականաբար, կորոնավիրուսը մտցնում է իր փոփոխությունները, սակայն երկխոսությունը բավականին հագեցած շարունակվում է։ ՌԴ նախագահը, Կառավարության ղեկավարը շփվում են ՀՀ վարչապետի հետ բազմակողմ միջոցառումների շրջանակում, կա պարբերական շփում հեռախոսով։ Մենք ստիպված ենք լինում փոփոխել մեր պլանները այն ամենի վերաբերյալ, ինչ վերաբերում է այս կամ այն հանդիպումների անցկացմանը»,- ասաց Կոպիրկինը, հավելելով, որ այնուամենայնիվ շփումները շարունակվում են։
Նրա արձանագրմամբ, չնայած օբյեկտիվ դժվարություններին, շարունակվում է ակտիվ առևտրատնտեսական համագործակցությունը։ «ՌԴ-ն մնում է ՀՀ-ի համար հիմնական արտաքին առևտրային գործընկերը, շրջանառության բաժինը կազմում է ավելի քան 27 տոկոս։ Ուղիղ ներդրումների ռուսական մասնաբաժինը կազմում է 51 տոկոս, իսկ ՀՀ հասնող տրանսֆերտների ավելի քնա 60 տոկոսը Ռուսաստանից է։ ՀՀ սոցիալտնտեսական կյանքի կարևոր գործոն է ռուսական կապիտալով ընկերությունների գործունեությունը, որոնցից խոշորները հանդիսանում են ՀՀ խոշոր հարկատուները և գործատուները։ «Գազպրոմ Հայաստան»-ը կառավարական բյուջե է ներմուծել ավելի քան 91 միլիոն ԱՄՆ դոլար, «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 28,7 ԱՄՆ դոլար, «Գազպրոմ»-ը զբաղեցրել է հարկատուների շարքում առաջին տեղը 2020 թվականի առաջին քառորդի ընթացքում, վճարելով 37 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասաց դեսպանը։
Խոսելով մեր երկկողմ հարաբերություններից և պրոյեկտներից, որոնք իրականացվում են՝ դեսպանը կարևորեց համագործակցությունը երկարաձգելու Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը։ Նրա խոսքով, այս ուղով աշխատանքի արդյունքում այն, ինչ արդեն արվել է, էականորեն ավելացրել է կայանի արդյունավետությունը։
Խոսելով ՀՀ ներքաղաքական կյանքում ռուսական խաղաքարտի շրջանառությունից՝ դեսպանն ասաց, որ ըմբռնումով են մոտենում, երբ ռուսական թեման առկա է հայաստանյան ներքաղաքական քննարկումներում էական ծավալով, քանի որ հասկանալի է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, նրանց տեղն ու դերն հայաստանյան և ռուսաստանյան հասարակության շրջանում։ «Մեզ շատ բան է միավորում և բնականաբար այդ թեման ամենատեսանելիներից ու կարևորներից է։ Այլ հարց է, որ կցանկանայի նշել՝ մեր դիրքորոշումը սկզբունքային կայանում է նրանում, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան պատանդը ներքաղաքական պայքարի, պատանդը ինչ որ անձանց զուտ ներքաղաքական շահերին։ Մենք ունենք այն, ինչ մեզ միավորում է, մեր երկրները, մեր ժողովուրդներին անկախ քաղաքական կոնյուկտուրայի, անկախ անձերից, պերսոնաներից և դա այն է, ինչը մենք պետք է պահպանենք երկու կողմից էլ։ Ես որպես դեսպան իմ խնդիրը մեկ անգամ չէ, որ ասել եմ, դրանում եմ տեսնում։ Ներքաղաքական կոնյուկտուրան չպետք է անդրադառնա բացասաբար մեր հարաբերությունների վրա։
Պետք է ասեմ, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որը հստակ հայտարարում է իր առաջնահերթությունների մասին, արտացոլում է նույնանման մոտեցում։ Դա շատ կարևոր է»,-ասաց դեսպանը։