Բաժիններ՝

«Անկախ փորձաքննությունը ցույց կտա մեր արտադրած թեստերի արդյունքը». Արսեն Առաքելյան

Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի և Նիկոլ Փաշինյանի՝ հայրենական կորոնավիրուս ախտորոշող թեստեր արտադրելու գաղափարին՝ համարելով այն ավանտյուրա:

Վիրուսաբանը, մասնավորապես, նշել է, որ նման թեստերի արտադրության համար անձնակազմը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն, նյութերը և սարքավորումները պետք է ունենան հատուկ մաքրություն և որակ:

«Ավելին, հազարավոր թեստերի արտադրության համար անհրաժեշտ է ռոբոտացված տեխնիկա՝ ապահովելու մաքրություն և որակ: Բավական է ՌՆԹ կամ ԴՆԹ մեկ մոլեկուլի կամ որևէ այլ աղտոտում, որոնք կարող են հայտնվել հումքում, որն Առաքելյանը գնել է Չինաստանից, որպեսզի թեստերը չաշխատեն կամ տան ոչ ճշգրիտ արդյունքներ: Բավական է, որ կորոնավիրուսի մեկ պատահական մոլեկուլը, կամ փոքր քանակի որևէ այլ բանի, օրինակ, ինգիբատորի, հայտնվեն այդ նախնական ռեակտիվում, և հարյուրավոր կամ հազարավոր դոլարներ դուք նետում եք աղբարկղը:

Համապատասխան ստանդարտներ ինստիտուտում չեն եղել և չկան, իսկ անձնակազմը չունի ախտորոշման թեստեր արտադրելու փորձ: Նախագծի ղեկավարն ինքն էլ բացարձակ որևէ առնչություն չունի այս բնագավառի հետ: Բացի այս, ինչպես ես արդեն նկարագրել էի իմ հոդվածում, հազարավոր թեստեր արտադրելու համար անհրաժեշտ է ավտոմատացված սարքավորում՝ Չինաստանից գնված հումքը կշռաբաշխելու համար: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է կատարել տասնյակ-հազարավոր մանիպուլյացիաներ, և քանի որ ռոբոտ չունես, դա պետք է անես ձեռքով: Փորձանոթների մեջ ձեռքի կաթոցիչի միջոցով հումքի տեղադրումը վտանգավոր է նաև նրանով, որ ցանկացած ձեռքի կաթոցիչ սխալ ունի»,- մանրամասնել էր նա:

Այս հարցի հետ կապված 168.am-ը հերթական անգամ փորձեց պարզաբանումներ ստանալ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանից, որն այս անգամ պսակվեց հաջողությամբ:

Ընթերցողին տեղեկացնենք, որ ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը հայկական թեստ արտադրելու գաղափարի դիմաց պետությունից ստացել է 550.000 դոլար:

Առաքելյանը տեղեկացրեց, որ արդեն 300 թեստ պատրաստել են և հանձնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին»՝ անկախ փորձարկման համար:

– Ի՞նչ ապագա է սպասվում հայրենական թեստերի արտադրությանը, քանի որ ներսի և դրսի մասնագետներ կան, որոնք այս առնչությամբ մտահոգություններ ունեն, ավելի կոնկրետ՝ կասկածներ՝ Ձեր արտադրած թեստերի որակի և ճշգրտության հետ կապված, քանի որ հումքը փորձանոթների մեջ, այսպես ասած, ձեռքով է լցվում:

Ես չեմ ուզում կասկածել, բայց ավելի լավ է սպասենք անկախ փորձաքննության արդյունքներին:

– Բայց ձեռքով է, չէ՞, հումքը լցվում փորձանոթների մեջ, ռոբոտացված տեխնիկա, սարքավորում դուք չունեք, ինչն աղտոտման վտանգ է առաջացնելու, այս դեպքում ճշգրտման խնդիր ենք նաև ունենալու:

– Նման բաներ ասելուց առաջ մարդիկ պետք է հստակ հասկանան՝ ինչ է տեղի ունենում, իսկ քանի որ չեն հասկանում, նման աղմուկ են հանում:

– Ասողները պատահական մարդիկ չեն:

– Եթե նման բաներ են ասում՝ առանց նախապես մեզ հարցնելու, առանց մեր պատասխանները լսելու, ուրեմն՝ պատահական մարդիկ են: Գիտական հանրության մեջ ընդունված է, որ գիտնականները կարող են իրար հետ խոսել, կարծիքներ փոխանակել, հարցնել և պատասխաններ ստանալ:

Նախ՝ ասողները պատահական մարդիկ չեն, օրինակ, Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյան: Երկրորդ՝ Դուք ինքներդ որևէ, այսպես ասած, կողքի կամ դրսի գիտնականից խորհուրդ հարցրե՞լ եք:

Մենք այդ ռիսկերը շատ լավ գիտենք, 20 տարուց ավելի աշխատում ենք մոլեկուլային կենսաբանության ոլորտում, ունենք համապատասխան հետազոտություններ:

– Բայց ախտորոշման թեստեր արտադրելու փորձ չունեք:

Շատ լավ պատկերացնում ենք հնարավոր ռիսկերը և մենք բոլոր քայլերն արել ենք այդ ռիսկերը մինիմալիզացնելու համար: Անկախ փորձաքննությունը ցույց կտա արդյունքը:

Խոսվում էր թվով 100.000 թեստի մասին: Այդ թվաքանակին ե՞րբ կարող ենք հասնել, քանի որ մարդկանց թեստավորման քանակի հետ կապված՝ խնդիր ունենք, դրանց թիվը քիչ է բավականին:

– Երբ անկախ փորձաքննության արդյունքը ստանանք, և նույնը նշել է նաև պարետը, պատրաստ ենք բավարարելու թեստերի քանակի պահանջարկը:

– Նորից վերադառնամ նախորդ հարցին. մենք չունենք ռոբոտացված տեխնիկա, որին, կարծեմ, սպասում էինք, և փորձանոթների մեջ հումքը ձեռքի կաթոցիչի միջոցով ենք տեղավորում:

– Դրան մենք չենք սպասում, մենք տարբեր վերլուծություններ անելով՝ որոշել ենք, թե որն է օպտիմալ մեզ համար:

– Ո՞րն էր օպտիմալը մեզ համար, ձեռքով լցնե՞լը:

– Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնալ, կարևորն արդյունքն է:

Չիմանա՞նք՝ ինչ օպտիմալ մեթոդով են արտադրվում թեստերը:

– Հիմա այս պահին դա այդքան էական նշանակություն չունի:

– Իսկ գնային ի՞նչ սահմանում է լինելու մեկ թեստը:

– Մենք թեստը վաճառելու մտադրություն չունենք և երբևիցե չենք ունեցել: Կատարել ենք կառավարության պատվերը, գնային հարցերը կարող եք ճշտել կառավարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս