Բաժիններ՝

 «Տնային», էժան «հայկական»թեստի ավանտյուրայի մասին, որն ավելի թանկ է նստելու, քան փորձված գերմանականը

Օրեր առաջ Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, թե դեռևս մարտ ամսին 1.5 դոլարով գերմանական թեստեր գնելու և բնակչությանը զանգվածային կերպով թեստավորելու փոխարեն, ՀՀ կառավարությունը դիմել է ավանտյուրայի՝ արկածախնդրության: Այն է՝ ոգեշնչվեցին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրենի ասածով՝հումք գնել Չինաստանից, փորձանոթների մեջ լցնել և սեփական թեստն ունենալ: Ըստ Աբրահամյանի՝ ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը երբեք չի զբաղվել թեստերի պատրաստմամբ: Ավելին, իր գրառման մեջ Աբրահամյանը նշել է, թե հնարավոր է՝Առաքելյանը նույնիսկ չի լսել, թե ինչ է GMP-ն(Good Manufacturing Practices) և GLP-ն (Good Laboratory Practices):

Չնայած չափազանց զբաղվածությանը,Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանը համաձայնեց պատասխանել 168.am-ի հարցերին:

– Պարոն Աբրահամյան,Նիկոլ Փաշինյանի ևՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանի գաղափարը՝ արտադրել կամ ունենալ սեփական թեստերը, դա իրապես ավանտյուրա՞ է, եթե այո, ապա ինչո՞ւմ է այն կայանում, գուցե գործ ունենք, այսպես ասած,անգրագիտությա՞ն հետ:Ի՞նչ ռիսկեր կան այստեղ:

– Ես, ըստ էության, պատասխանել էի այս հարցին Ֆեյսբուքի իմ էջում: Ես չգիտեմ, թե ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանին ինչպե՞ս է հաջողվել այս գաղափարն առաջ տանել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Այո, ես գտնում եմ, որայդ գաղափարն ավանտյուրա էր: Փաշինյանը գաղափար չունի, թե ինչ պահանջներ և պայմաններ են անհրաժեշտ բժշկական թեստերի արտադրության համար: Նրա մեղքն այստեղ այնքան էլ նշանակալի չէ: Թորոսյանը, սակայն, պետք է, որ իմանար, բայց կասկածում եմ, որ նա չունի որևէ փորձ, ինչպես երիտասարդ ադմինիստրատորների մեծամասնությունը, որոնց իշխանությունը նշանակեց ամենապատասխանատու պաշտոններին կառավարությունում:

Ինչո՞ւ է ավանտյուրա, որովհետև պարոն Առաքելյանը երբևէ բժշկական և դիագնոստիկ կամ ախտորոշման թեստեր չի արտադրել, չի պատկերացնում՝ ինչպես պետք է դրանք արտադրել, և, առհասարակ, վիրուսոլոգիան դա իր գիտելիքների ոլորտը չէ: Մարդու համար ախտորոշման թեստերի արտադրությունն ունի հատուկ ստանդարտներ, որոնք բարձր են, քան հետազոտական աշխատանքի կամ կենդանիների համար պահանջվող ստանդարտները: Բիոֆարմացեֆտիկ արդյունաբերության մեջ կան այսպիսի հասկացություններ, ինչպես GLP-ն (Good Laboratory Practices) և GMP-ն (Good Manufacturing Practices):Այս ստանդարտները, կանոններն անհրաժեշտ են թեստերի որակի ապահովման համար: Թեստերի արդյունքների հիման վրա կայացվում են լուրջ որոշումներ բժիշկների հետագա գործողությունների վերաբերյալ, իսկ պանդեմիայի դեպքում որոշումները կայացվում են կառավարության մակարդակով: Մոլեկուլյար թեստերի համար և, հատկապես այն թեստերի, որոնք հիմնված են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի վրա, այստեղ շատ կարևոր է բիոլոգիական մաքրությունը սարքավորումների, նյութերի և տարածքների, որտեղ այդ թեստերն արտադրվում են: Իսկ այս դեպքում մենք խոսում ենք ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսի գենետիկական նյութի հայտնաբերման մասին: Պարզապես ապահովել ստերիլ տարածք, դա բավարար չէ նման թեստերի արտադրության համար:

Անձնակազմը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն, նյութերը և սարքավորումները պետք է ունենան հատուկ մաքրություն և որակ: Ավելին, հազարավոր թեստերի արտադրության համար անհրաժեշտ է ռոբոտացված տեխնիկա՝ ապահովելու մաքրություն և որակ: Բավական է ՌՆԹ կամ ԴՆԹ մեկ մոլեկուլի կամ որևէ այլ աղտոտում, որոնք կարող են հայտնվել հումքում, որն Առաքելյանը գնել է Չինաստանից, որպեսզի թեստերը չաշխատեն կամ տան ոչ ճշգրիտ արդյունքներ: Բավական է, որ կորոնավիրուսի մեկ պատահական մոլեկուլը, կամ փոքր քանակի որևէ այլ բանի, օրինակ, ինգիբատորի, հայտնվեն այդ նախնական ռեակտիվում, և հարյուրավոր կամ հազարավոր դոլարներ դուք նետում եք աղբարկղը:

Համապատասխան ստանդարտներ ինստիտուտում չեն եղել և չկան, իսկ անձնակազմը չունի ախտորոշման թեստեր արտադրելու փորձ: Նախագծի ղեկավարն ինքն էլ բացարձակ որևէ առնչություն չունի այս բնագավառի հետ: Բացի այս, ինչպես ես արդեն նկարագրել էի իմ հոդվածում, հազարավոր թեստեր արտադրելու համար անհրաժեշտ է ավտոմատացված սարքավորում՝ Չինաստանից գնված հումքը կշռաբաշխելու համար:Սա նշանակում է, որ անհրաժեշտ է կատարել տասնյակ-հազարավոր մանիպուլյացիաներ, և քանի որ ռոբոտ չունես, դա պետք է անես ձեռքով: Փորձանոթների մեջ ձեռքի կաթոցիչի միջոցով հումքի տեղադրումը վտանգավոր է նաև նրանով, որ ցանկացածձեռքի կաթոցիչ սխալ ունի: Այսինքն, որքան էլ ջանաս, հնարավոր չէ ձեռքով ստանալ հարյուր-հազարավոր թեստեր՝ հետևելով բժշկական և ախտորոշման թեստերի արտադրության համար պահանջվող կանոններինև պայմաններին: Կրկնում եմ՝ անկեղծորեն ափսոսում եմ, որ այդ անձնակազմը պետք է ձեռքովհազար անգամ կրկնվող գործողություններ կատարի՝ մի քանի ժամ գտնվելով փակ տարածքում: Այս ավանտյուրայի համար պատասխանատու է Արսեն Առաքելյանը:

Դուք Ձեր գրառման մեջ խոսում էիք այն մասին, որ կորոնավիրուսի ախտորոշման գերմանական թեստերն առավել էժան են, քան «առաքելյանականները»:

– Որակի և հուսալիության խնդրից բացի, կա նաև ժամանակի ֆակտոր: Այսինքն՝ պանդեմիայի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ է գործել արագ և արդյունավետ, նախաձեռնել «տնային» թեստի արտադրություն՝ չունենալով փորձ և պայմաններ, դա թանկարժեք ժամանակի կորուստ է: Ես կարող եմ ենթադրել, որ Առաքելյանը կառավարությանը «վարդագույն» պատկեր է ներկայացրել. Չինաստանից էժան հումք կգնենք, կտեղավորենք փորձանոթների մեջ, և մենք կունենանք էժան «հայկական» թեստ՝ կորանավիրուսը ախտորոշող: Այս պրոպագանդիստական գաղափարը, ըստ էության, շատ է դուր եկել ղեկավարությանը: Առաքելյանը համոզել է, որ դա կարելի է անել արագ, այնուհետ տոնել հաղթանակ: Բայց ամեն ինչ այդպես չէ:

Այո, շուկայում կան թանկ թեստեր և համեմատաբար էժան թեստեր: Ես արդեն գրել եմ գերմանականընկերության մասին, որը հենց համաճարակի սկզբնականշրջանում ձեռնարկեցայդ թեստերի մասսայական արտադրությունը: Այդ ընկերությունն ԱՀԿ-ին մատակարարել է միլիոնավոր միավորների թեստեր բավականին ցածր գնով՝ մեկ թեստի դիմաց՝ 1.73 դոլար: Ընդ որում, ԱՀԿ-ի միջոցով այդ թեստերը մատակարարվել ենաշխարհի ավելի քան 60 երկիր՝ շատ ցածր գնով: Կան նաև չինական թեստեր, ռուսական և այլն, որոնք թանկ չեն: ՀՀ կառավարությունն ապրիլին հայտարարեց, որ հատկացնում է 550.000 դոլար թեստերի արտադրության համար, որոնք խոստացել է Առաքելյանը:

Վերջերս Առաքելյանն իր հարցազրույցում ասաց, որ հումքը ստացել են և անցնում են արդեն թեստերի արտադրությանը: Այդ հումքի համար արդեն ծախսվել է 250.000 դոլար: Այսինքն, եթե անգամ մենք չհաշվենք մյուս հավելյալ ծախսերը, այլ որպես հիմք վերցնենք միայն այդ 250.000 դոլարը, որն արդեն ծախսվել է, և բաժանենք 100.000 թեստի, որոնք Առաքելյանը խոստացել է ստանալ այդքան քանակի հումքից, ապա 1 թեստը նվազագույնը կարժենա 2.5 դոլար, բայց, ամենայն հավանականությամբ՝ ավելին: Այսինքն՝ ավելի թանկ, քան արդեն փորձված և օգտագործվողգերմանական թեստերը, որոնք հնարավոր է արագ գնել: Առանցքայինն այստեղ նույնիսկ այն չէ, որ Գերմանիայից կամԳերմանիայում հնարավոր է ավելի էժան գնել թեստը, այլ այն, որ դա արագ կլիներ և հուսալի: Իսկ «առաքելյանական» թեստը դեռ պետք է փորձել՝ փորձարկման ինչ արդյունքներ և զգայունությունէ ապահովում: Քանի որ թեստը, այսպես ասած, պատրաստվելու է ձեռքով, ապա մեկ փաթեթը կարող է որակական առումով տարբերվել մյուս փաթեթից:

– Համաճարակային իրավիճակը ՀՀ-ում շատ ծանր է, կրիտիկական: Գաղտնիք չէ, որ դա ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքն է: Եթե հիմա Փաշինյանը, Թորոսյանը մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, և ձևավորվի պրոֆեսիոնալ խումբ, թիմ՝ անկախ բժիշկներից, նախկին նախարարներից, մենք կկարողանա՞նք հաղթահարել, փրկել իրավիճակը: Այսօրվա դրությամբ ի՞նչը կփրկի մեզ, մի՞թե ոստիկանական ռեյդերը, դիմակներն ու ձեռնոցները, որոնք պիտի կրել ամենուր և միշտ:

– Իրավիճակը հնարավոր էր խիստ հսկողության տակ պահել ամենասկզբից և խուսափել կրիտիկական իրավիճակից, որն ունենք հիմա: Ժողովուրդը հոգնել է կարանտինային միջոցներից, կիսամիջոցներից, ղեկավարների հակասական ցուցումներից: Ես բացարձակ համոզված եմ, որ հիմնական պատճառը համաճարակային իրավիճակի վատթարացման՝ դա բոլոր օղակներումՀՀ ղեկավարության ոչ ճիշտ, հակասական գործողություններն են և նրանցից եկող ինֆորմացիան:

Իհարկե, հիմնական պատասխանատվությունը Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի և նրանց թիմի վրա է: Ես համաճարակի հենց սկզբից՝ դեռ փետրվարի վերջին-մարտի սկզբին, դիմեցի նրանց առաջարկով՝ իրականացնել կարանտինային միջոցառումներ, ես անգամ ասել եմ, թե ինչ է անհրաժեշտ անել դրա համար: Իմ բոլոր ուղերձները, ռադիոյի, թերթի միջոցով հարցազրույցները մնացին անպատասխան:

Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էին Փաշինյանը և Թորոսյանը թեթև վերաբերվում համաճարակին: Ես չեմ կրկնի իրենց նախնական սխալ ուղերձը բնակչությանը, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը: Ժողովրդի մեջ արդեն անեկդոտներ են պտտվում այս մասին, ինչպես նաև՝փաշինյանական «հակավիրուսային պինցետի», թորոսյանական «օղու բաժակի», որից վիրուսը «կմեռնի», նաև՝ էջմիածնեցիկնոջ: Մենք հիշում ենք, որ Փաշինյանն անգամ կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո շարունակեց իր ճամփորդությունը երկրով, որի ժամանակ հարյուրավոր, հազարավոր մարդկանց միտինգի էր հավաքում: Հիշում ենք, թե ինչպես էր նրա կինը՝ օգնականների խմբով և թիկնապահներով, շրջում Երևանի փողոցներով և բուկլետներ բաժանում: Կամ, երբ Թորոսյանը վստահեցնում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, որ այս վիրուսը գրիպից թույլ է, և, որ ինքը չի վախենում իր երեխաներին դպրոց ուղարկել:

Սխալ քաղաքականությանն ավելացնենք նաև այն փաստը, որ սոցցանցերի միջոցով տարբեր լեզուներով ՀՀ բնակչությունը ստացել և ստանում է տարատեսակ տեղեկություն համաճարակի, վիրուսի մասին՝ և՛ ճիշտ, և՛ սխալ: Արդյունքում՝ ունենում ենք մի իրավիճակ, երբ մի կողմից՝ երկրի չինովնիկները ժողովրդին հեթիաթներ են պատմում, թե վիրուսը ստից բան է, մյուս կողմից՝ բնակչությունը սոցցանցերի միջոցով է ստանում ապատեղեկատվության հսկայական ալիք: Այսինքն՝ տեղեկատվական պատերազմն այս առումով հենց սկզբից տանուլ տրվեց, և սրա մեղավորը դարձյալ երկրի ղեկավարությունն է: Երկրի բնակչությանը հասցնել ճիշտ տեղեկություն համաճարակի մասին, դա կառավարության պարտականությունն է, ապատեղեկատվության դեմ պայքարը՝ կառավարության պարտքը: Եվ պետք է պայքարել ոչ թե վախեցնելու, այլ բնակչության մշտական կրթման, լուսավորչության ճանապարհով: Անհրաժեշտ էր ներգրավվել վիրուսաբանների, համաճարակաբանների, այս ոլորտների փորձագետների, եթե չունես «սեփականը», ուրեմն՝ հրավիրիր արտասահմանյան փորձագետների:

Սա կլիներ ճիշտ տեղեկատվական ռազմավարություն: ՀՀ-ում վերջին երկու տարին նկատվում է հասարակության բևեռացում, անվստահության մթնոլորտ, «վհուկների որս»: Այս անվստահության և մշտապես մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնելու պայմաններում շատ դժվար է ամբողջ բնակչությամբ հասնել կարանտինային միջոցների իրականացմանը:Ղեկավարությունը վերջին երեք ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխել է իր դիրքն ու ցուցումները՝ վիրուսի, կարանտինի, դիմակի և այլ բաների հետ կապված:

Այս փնտրտուքները և հակասությունները հանդիսանում են հիմնական պատճառը, որ բնակչությունը չի կատարում ցուցումները և չգիտի՝ ինչին և ում հավատա: Սրանում երկրի ղեկավարության մեղավորությունն է: Կառավարության, ադմինիստրատորների և փորձագետների պրոֆեսիոնալ կարողության արդյունավետությունը փորձվումև երևում է նման ճգնաժամային իրավիճակներում: Արդար չէ սեփական ռազմավարության սխալների մեղքը գցել հասարակության վրա: Առաջնորդները պետք է օրինակ լինեն սեփական կազմակերպվածությամբ, վճռականությամբ, խնդիրները լուծելու կարողությամբ:Սա ձեզ համար փողոց փակել չէ և ոչ էլ՝ ճանապարհային արագաչափերը շարքից հանել: Համաճարակի դեմ պայքարը դա գիտություն է, դա մոբիլիզացիա է բոլոր մակարդակներում, կոորդինացում, նախապատրաստում, ծրագրում և խնդիրների կատարում բոլոր գերատեսչություններով և ամբողջ բնակչությամբ:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի կամ համաճարակի երկրորդ ալիքն է:

– Ես սրա մասին ևս արդեն գրել եմ և խոսել: Չկա երկրորդ ալիք: Երկրորդ հնարավորություն կար, եթե մինչև ապրիլի վերջ սոցիալական հեռավորությունը և կարանտինի խիստ միջոցները պահպանվեին, քանի որ կարանտինի առաջին փուլից հետո՝ ապրիլի սկզբին, կարծես թե համաճարակը թուլանում էր: Սակայն կարանտինի հանելը և սոցիալական հեռավորության չպահպանումը բերեցին նրան, որ աճի կորը գնաց դեպի վերև ու վերև:Միայն ոստիկանական մեթոդներով և տուգանքներով այս խնդիրը չի լուծվի: Եթե ղեկավարությունը չգիտի՝ ինչպե՞ս վերահսկել իրավիճակը, ինչպե՞ս երկիրը հանել այս կրիտիկական իրավիճակից, նշանակում է՝ ժամանակն է օգնություն խնդրել բարեկամական պետություններից, մասնագետներից:

Ցանկացած կորսված կյանք ղեկավարության խղճին է: Թորոսյանը վերջապես ընդունեց, որ առողջապահական համակարգը շուտով կկանգնի ծանրաբեռնվածության, սարքավորումների, վերակենդանացման տեղերի և բժիշկների պակասի խնդրի առաջ: Այս պատկերին ավելացրեք նաև բուժանձնակազմի հոգնածությունը և բնակչության ճնշվածությունը, տագնապը, հիասթափությունը: Սա շատ վատ կոկտեյլ է: Անհրաժեշտ են վճռական և արդյունավետ միջոցներ:

Հ.Գ. Նշենք, որ 168.am-ը վիրուսաբան Լևոն Աբրահամյանի գրառումից հետո, մինչ այս հարցազրույցը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ։ Մեր առաջին զանգին Արսեն Առաքելյանը կարճ պատասխանել է՝ խորհրդակցության մեջ է, մեր ճշտող հարցը՝ ե՞րբ զանգահարենք, նա անգամ չլսելով՝ հեռախոսն անջատել է։ Հետո մենք նորից ենք փորձել կապ հաստատել Առաքելյանի հետ, բայց ապարդյուն, նա չի պատասխանել մեր զանգերին։ Պատրաստ ենք լսել նաև իր տեսակետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս