Բաժիններ՝

«Հայկական ընկերությունների արտադրողականությունը, էֆեկտիվությունը հիմնականում բարձր չէ, ամեն մի նման թանկացումը ռիսկ է». Գագիկ Մակարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել:

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀԾԿՀ-ն առաջարկում է Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե՝ 283․14 դոլար, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան»։

Թեև առաջարկները դեռ քննարկման փուլում են, բայց հստակ է՝ թանկացումն անխուսափելի է:

Արդյոք Ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արտադրությունների համար գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ չի՞ ունենա, և չի՞ բարձրանա տվյալ ընկերությունների արտադրանքի գինը. Այս հարցերի պարզաբանման համար 168.am-ը դիմեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանին:

«Եթե ջերմոցային տնտեսությունները, վերամշակողները շատ էֆեկտիվ-կայուն ձեռնարկություններ են և ունեն բավականին հաջողված շահութաբերություն, ապա կարող են փորձել իրենց շահութաբերության հաշվին օպտիմալացնել իրենց ծախսերը և այդ գազի գնի թանկացումը որևէ կերպ տեղավորել եկամուտների մեջ:

Եթե իրենք եկամտաբերության միջին կամ միջինից ցածր մակարդակով են աշխատում, ապա անպայման դա իրենց վրա կազդի՝ իրենք ուզեն-չուզեն՝ արտադրանքի գինը պիտի փորձեն թանկացնել, որովհետև հակառակ դեպքում՝ իրենց եկամտաբերությունը կդառնա զրո կամ զրոյից ցածր»,- ասաց Գ. Մակարյանը:

Գործատուների միության նախագահը ներկայացրեց խնդրի մեկ այլ կողմ, որն առնչվում է արտաքին շուկայում ջերմոցային և վերամշակող ընկերությունների ապրանքների սպառմանը.

«Թարմ մրգեր-բանջարեղենների, պահածոների գերակշռող մասն արտահանվում են, հետևաբար՝ նաև արտահանման տեսանկյունից այստեղ կարող է խնդիր առաջանալ՝ գազի թանկացումն ընդհանուր ապրանքների գնի վրա կանդրադառնա:

Այստեղ կա մեծ ռիսկ՝ վերամշակող ընկերությունների մի մասը, որոնք պահածոներ էին արտադրում, ռուբլու ինֆլյացիայի պատճառով դադարեցրել էին արտահանումը, հիմա վերականգնել են, որովհետև ռուսական կողմն էլ է գնային փոփոխության հարցում ընդառաջել, կամ ռուբլին է մի քիչ կայունացել, բայց այդ արտադրողները համարյա եզրի վրա են աշխատում. Հիմա նորից բացասական հարվա՞ծ տալ»:

Ըստ տնտեսագետի՝ պատահական չէ ջերմոցների և վերամշակող ընկերությունների մասին առանձին հիշատակումը, քանի որ դրանք այն ընկերություններն են, որոնք շատ են օգտագործում էներգակիրներ:

«Հայկական ընկերությունների արտադրողականությունը, էֆեկտիվությունը հիմնականում բարձր չէ, ամեն մի նման թանկացումը ռիսկ է»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս