«Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ իր ղեկավարած ԲԿ-ն ապրիլի 2-ից վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Ըստ նրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» ԲԿ-ն ունի ամենամեծ մահճակալային ֆոնդը, մոտավորապես՝ 500 մահճակալ, որից 80-ը կազմում է վերակենդանացման բաժանմունքի մահճակալային ֆոնդը, իսկ 420-ը՝ ընդհանուր բաժանմունքներինը:
«Մինչև այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր, ընդ որում, ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն ամենասուղն է այս օրերին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ևս մեկ անգամ մեր հայրենակիցներին խնդրել պահպանել պարետատան սահմանած կանոնները: Վերջին օրերին հաշվի առնելով վարակի փոխանցման մեխանիզմները, վարակի առանձնահատկությունը, ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը: Նման հորդոր եմ անում, որպեսզի մեր առողջապահական համակարգը չունենա կոլապս, և մեր համակարգի բոլոր բուժաշխատողները, որոնք այսօր առաջնագծում են, օր ու գիշեր կռվում են պատերազմական վիճակում, կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն և օգնություն մեր հայրենակիցներին»,- այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց Արման Հովակիմյանը:
Նշենք, որ ճեպազրույցն անցկացնում և հանրությանը կանոնները պահպանելու հորդորներ տալիս էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: