«Այս ամենից արդեն հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար ոչինչ կարևոր չէ, քան սեփական իշխանության պահպանումը». Քաղաքագետ
Այսօր վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքներում լարված իրավիճակ է: 168.am-ի տեղեկությունների համաձայն, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձանց, որոնք գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Բերման ենթարկածների հարազատները պնդել են, որ տեղյակ չեն, թե ինչու են նրանց տարել ոստիկանական բաժանմունք:
Բերման ենթարկվածների հարազատները Կապանում ոստիկանական բաժանմունքի մոտ պահանջում են ազատ արձակել նրանց: Հավաքված քաղաքացիների պահանջով դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց, որ այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու են մարդկանց բերման ենթարկել, ինչ են արել նրանք, սակայն մեկ բան այս ամենից հասկանալի է դառնում. գործող իշխանություններն անցել են իրենց հերթական ռեպրեսիվ մեթոդներին:
«Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Կապանում, ցույց է տալիս, որ տեղի են ունենում ինչ-որ քաղաքական գործընթացներ, որովհետև ոստիկանությունն այս ամենին բացարձակ չի արձագանքում և չի ասում, թե ինչու են մարդկանց բերման ենթարկել: Չի արձագանքում նաև այն հայտարարություններին, որ երիտասարդներին ապօրինի են բերման ենթարկել, որոնք ենթարկվել են նաև խոշտանգումների»,- շեշտեց Գագիկ Համբարյանը:
Համեմատականներ անցկացնելով մայիսի 2-ին Գավառում տեղի ունեցած միջադեպի և Կապանում տեղի ունեցող իրադարձության միջև, Գագիկ Համբարյանն ասաց, որ այդ երկուսը չպետք է նույնացնել, քանի որ Կապանում տեղի ունեցածը զուտ քաղաքական բնույթ է կրում:
«Գառավառում տեղի էր ունեցել հանցագործություն և քանի որ ոստիկանությունը բավականին երկար ժամանակ բարձիթողի վիճակում էր պահել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, արդյունքում եղավ այն, որ նորատուսցիները հարձակվեցին Գավառի հիվանդանոցի վրա, որտեղ փորձեցին հաշվեհարդար տեսնել հանցագործների նկատմամբ:
Այս միջադեպում ես որևէ քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Այստեղ միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ տեղի են ունեցել ամենաթողության մթնոլորտում: Նույն այդ ամենաթողության հետևանքով հասարակության և իշխանության միջև չհասկացվածության արդյունքում տեղի են ունենում նման իրադարձություններ:
Այո, գործող իշխանությունները շատ դեպքերում չեն կարողանում հասարակությանը նորմալ բացատրել, թե ինչի համար են ինչ-որ գործողություն կազմակերպում և այդ ամենի հետևում ինչ կա թաքնված: Անընդունելի կլինի, եթե հանկարծ ու հանկարծ պարզվի, որ այս ամենը կազմակերպվել է կոնկրետ քաղաքական դրդապատճառներով, որովհետև, որքան մենք տեսնում ենք, գործող իշխանությունները բավականին մեծ խնդիրներ ունեն Սյունիքի խոշոր համայնքների գործող ղեկավարների հետ:
Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը սարսափելի ծանր է տանում այն հանգամանքը, որ հետհեղափոխական էյֆորիկ շրջանում առաջին շռնդալից ապտակը ստացան կապանցիների կողմից, որոնք «ոչ» ասացին Փարչապետի հարազատ քաղաքական ուժը ներկայացնող քաղաքապետին»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նա նաև նկատեց, որ գործող իշխանությունները որոշ ժամանակ առաջ խնդիրներ ստեղծեցին նաև Գորիսի գործող քաղաքապետի հետ: Այժմ տեղի ունեցող իրադարձություններն արդեն կապ ունեն Քաջարանի համայնքապետի հետ, որն արդեն պաշտոնապես հայտարարությամբ է հանդես է եկել և նշել, որ գործող իշխանությունը քաղաքական հետապնդումների են դիմել իր և իր կողմնակիցների նկատմամբ:
«Ինչպես արդեն նշեցի գործող իշխանություններն իսկապես արդեն անցել են ռեպրեսիվ մեթոդների: Սա ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որովհետև մեր գործող իշխանությունների ռեպրեսիվ մեթոդներին արդեն ես էլ եմ առնչվել: Հիշեցնեմ, որ շատ զարմանալիորեն ինձ հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն՝ հասկանալու համար, թե ես ինչ տեղեկություններ ունեմ մաքսանենգ ծխախոտի մասին: Գիտեք, սա արդեն ծիծաղելի չէ, սա ողբերգություն է, կարծում եմ՝ ոստիկանության այդ բաժանմունքն էլ է արդեն ամաչում, որ նման հրամաններ է ստանում և ստիպված են ինձ հրավիրում ոստիկանություն»,-հավելեց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ, ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանի նման փոքր երկրում իշխանություններն իրավունք չունեն մարդկանց բաժանել սևերի և սպիտակների, ստեղծել լարված իրավիճակ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչ հարևաններով են շրջապատված:
«Պարոն Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց ընդամենը ամիսներ անց Հակ Մարությանի շուրթերով հասարակությանը բաժանեց սևերի և սպիտակների, երբ ԱԺ-ում ծեծում են ընդդիմադիր խմբակցության ղեկավարի, որից հետո վարչապետը նույն ամբիոնն օգտագործում է կեղծիքներ տարածելով և բռնությունը ողջունելով:
Այս ամենից արդեն հասկանում ենք, որ այս անձի համար ոչինչ կարևոր չէ, քան սեփական իշխանության պահպանումը: Այս անձը պետական մտածելակերպ չունի, կարող է պետական շահը զոհաբերել հանուն անձնական շահի, նա միայն բազմաթիվ խնդիրներ է ստեղծում երկրի ներսում՝ խնդիրներ լուծելու փոխարեն: Եթե այսպես շարունակվի և հասարակությունը բաժանված երկու հատվածի դուրս գա իրար դեմ, լինելու է մեծ պայթյուն, ինչը հավասար է պետականությունը կորցնելուն»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: