«ԱԺ կոնոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխությամբ՝ առաջարկվում է հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին՝ ունենալ խորհրդական

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում,  «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:

Փոփոխությունների փաթեթը  հեղինակել և հանձնաժողովին են ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և իշխանական որոշ պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը:
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նպատակն  է՝ բարձրացնել մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը, հստակեցնել խորհրդարանական վերահսկողության գործիքները, բարձրացնել նաև հանձնաժողովի կայացվող որոշումների դերն և արդյունավետությունը:

«Այս փոփոխությունների համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին և հանրությանը՝ ելնելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներից, ինչը, իր հերթին, նպաստելու է հանձնաժողովի աշխատանքային արդյունավետության բարձրացմանը: Իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելու գաղափարը միտված է քննարկման արդյունավետության բարձրացմանը»,- պարզաբանեց պատգամավորը:

Ըստ Մխիթար Հայրապետյանի, նախագծով առաջարկում են նաև պատգամավորին լիազորել նախագծերի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի  վերաբերյալ կատարել առաջարկություն, ինչը բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարևորությունը:

«Մշտական հանձնաժողովների և ԱԺ  խմբակցությունների  կողմից կատարվող աշխատանքների և կայացվող  որոշումների արդյունավետության բարձրացմանն է ուղղված խորհրդականի ինստիտուտի ներդնումը: Մշտական հանձնաժողովի նախագահի աշխատակազմում խորհրդականի առկայությունը նորություն չէ միջազգային պրակտիկայում, նման նախադեպով աչքի են ընկնում Իռլանդիան, Անգլիան: Խորհրդականի աշխատավարձը  սահմանվում է վեց գործակցով, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայից ներգրավել առավել արհեստավարժ մասնագետի: Խորհրդականի պաշտոնը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով և առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը: Որպես հանձնաժողովի նախագահ՝ ունենալով չորս փորձագետ, չեմ կարող անել այն պնդումը, որ այս փոփոխությամբ բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն սա գոնե հնարավորություն կտա համեմատաբար բարձր աշխատավարձով մասնագետների ներգրավել մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս