«Գործարանների հետագա աշխատանքի պատասխանատուն ես չեմ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չի կարող ասել, թե ինչու չեն աշխատում բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Ալավերդու պղնձաձուլականը, բամբակի վերամշակման գործարանը, որոնց մի մասի բացմանը վարչապետն անձամբ է մասնակցել: Փոխարենը՝ վստահեցնում է, որ ընկերությունների աշխատելու կամ չաշխատելու գործում չկա կառավարության ապօրինի և սուբյեկտիվ միջամտությունը:
«Ես շատ տեղերում շատ բաների կարող եմ մասնակցել, ես լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, ես լինում եմ սրճարաններում, ես լինում եմ ձեռնարկություններում, բայց ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և այդ ընկերության ղեկավարությունը:
Ուրիշ բան՝ ՀՀ-ում ստեղծել է, կառավարությունը, օբյեկտիվ և անհրաժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար: Էս «100 փաստ»-երի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, ընդ որում, անհերքելի են այդ փաստերը, որ ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում: Դրանք կատարյալ չեն, բայց այդ պայմանները բարելավվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ ընկերությունների մի մասի սեփականատերերը կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ, երբ իրեն հրավիրում են ներկա գտնվել որևէ ընկերության բացմանը արարողությանը, չի խուսափում: Իսկ դրանից հետո, երբ հետաքրքրվել է, թե ինչ վիճակում են այդ ընկերությունները, իրեն ասել են, որ մի մասն աշխատում է, մյուսները՝ ոչ:
«Բայց դա էական չի, որովհետև էդ ընկերությունների գործունեության պատասխանատվությունն իմ վրա չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում