Հարուցվել է քրգործ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
Մամուլում 03.05.2020թ.-ին հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար:
«Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: