Բաժիններ՝

«Թոքաբորբով հիվանդ է 660 հոգի, 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր»․ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը, որովհետև այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար՝ այս պահի դրությամբ հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանվում են մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, ինչպես նաև՝ վերջերս արտակարգ դրության իրավական ռեժիմի մասով փոփոխություններ են տեղի ունեցել, ըստ որի՝ հնարավոր են անձնական ազատության սահմանափակումները, և հստակ կանոնակարգում է պահանջվում։ Կոնկրետացվել են նաև պարետի գործառույթները, որպեսզի ավելի էֆեկտիվ որոշումներ հնարավոր լինի կայացնել։

«Մեկ նորամուծություն․ ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են պայմանով կիրառվել, օրինակ, թույլատրվի որևէ վարչական շրջանի շրջանակներում ազատ տեղաշարժը՝ բացառապես որոշակի պայմաններ պահպանելու նկատառումներով։ Օրինակ, եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա հանրային տրանսպորտից օգտվել միայն դիմակների օգտագործմամբ։ Կամ՝  հանրային սննդի կետերը պարտադիր որոշակի պայմաններ ապահովեն հանրային սննդի ծառայություններ մատուցելիս, և այլն։ Պարետն այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ, ավելի ճիշտ, թույլ տված ազատ տեղաշարժի շրջանակներում։ Նաև փոփոխություն է կատարվել քրեակատարողական հիմնարկներին վերաբերող կարգավորումներում, ըստ որի՝ մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատվի հանձնել դատապարտյալին՝ պայմանով, որ բոլոր պահանջներն ու պայմանները կապահովվեն»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ շարունակելով նախարարի խոսքը՝ ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, նոր դեպքերը 142-ն են։

«Եթե համեմատենք օրական աճի տեմպը, ապա դեռևս 5 տոկոսի շրջանակներում է։ Բուժվածների ընդհանուր թիվը 1572 է, ցավոք, ունեցել ենք 49 մահ։ Ներկայումս բուժվում է 2218 անձ։ Թոքաբորբով հիվանդ է 660 հոգի, 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր։ 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,- տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նոր հայտնաբերված դեպքերն օրեցօր ավելանում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս