«Միջազգայնորեն Արցախի բնակիչների իրավունքները խախտվում և սահմանափակվում են միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից` երկրի միջազգային մեկուսացմամբ». Արտակ Բեգլարյան
168.am-ը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանից փորձեց պարզել, թե ՀՀ-Արցախ ռազմավարական դաշինքի մասին պայմանագիրը որքանո՞վ կնպաստի Արցախի բնակչության իրավունքների իրացմանը:
Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև իրավահարաբերությունների կարգավորման ու կատարելագործման կարիքը միշտ եղել է, և 1991թ. սկսած այդ առումով ահագին մեծ գործ է արվել, ինչի արդյունքում զգալի ոլորտներում բարձրացել է երկու հանրապետությունների իրավակարգավորումների ներդաշնակեցման մակարդակը: Ամեն դեպքում, ըստ Բեգլարյանի, առ այսօր մնում են որոշակի խնդիրներ ու բնագավառներ, որոնք առավել կարգավորելու անհրաժեշտություն կա:
«Այդ խնդիրներն ուղիղ ու բացասական կերպով ազդում են հատկապես Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության վրա և՛ բուն ՀՀ ու ԱՀ տարածքներում, և՛ այլ երկրներում: Ի դեպ, անցած տարի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է այդպիսի խնդիրների մի փաթեթ, և արդեն որոշակի քննարկումներ ենք ունեցել տեղում, իսկ առաջիկայում նախատեսում ենք քննարկել նաև ՀՀ համապատասխան մարմինների հետ, որպեսզի փորձենք լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին ևս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանանք առկա հիմնախնդիրները կարգավորել համակարգային կերպով՝ կետային ու այլընտրանքային լուծումներ տալու փոխարեն: Սակայն մյուս կողմից՝ գիտակցում եմ, որ կան միջազգային իրավական ու աշխարհաքաղաքական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են գործընթացը: Իսկ թե այդ համակարգային լուծումն ինչպիսին կարող է լինել՝ ռազմավարական դաշինքի՞, միջպետական շրջանակային պայմանագրի՞, թե՞ մեկ այլ տարբերակով, դա համակողմանի քննարկման առարկա է՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու հնարավորությունները: Ամեն դեպքում, ես պատրաստակամ և նախաձեռնող եմ լինելու գոնե կետային ու ոլորտային կարգավորումների հասնելու ուղղությամբ, ինչպիսին արվել է առ այսօր բազմաթիվ բնագավառներում»,- շեշտեց ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա` միջազգային իրավական տեսանկյունից Արցախի բնակիչների իրավունքները խախտվում ու սահմանափակվում են հենց միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից՝ Արցախի միջազգային մեկուսացմամբ և Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության պատճառով:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ջանքեր է գործադրել արցախցիների միջազգային իրավական պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ այլ պետություններում գտնվելու ընթացքում: Ուստի, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի բնակչության ոչ միայն՝ անվտանգության, այլ նաև՝ որոշ չափով, իրավական պաշտպանության երաշխավորն է:
Այս համատեքստում անդրադառնալով չճանաչված այլ պետությունների բնակիչների իրավունքների իրացման օրինակին, Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հյուսիսային Կիպրոսի բնակիչները նույնիսկ փաստաթղթերի ճանաչման հնարավորություններ ունեն ԵՄ-ում, իսկ Պաղեստինը որոշ միջազգային կազմակերպությունների անդամ է:
Չանտեսելով զինադադարի կնքման օրը՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ իր բացերով ու շարունակական խախտումներով հանդերձ՝ 1994թ. զինադադարը լրջագույն հիմք է եղել Արցախի բնակիչների կյանքի, անվտանգության ու բազմաթիվ հարակից իրավունքների պաշտպանության համար:
«Սակայն հաշվի առնելով ադրբեջանական տևական սպառնալիքներն ու հայատյաց քաղաքականությունը, մենք պետք է միշտ զգոն լինենք և անընդհատ զորացնենք մեր պետականությունը՝ բանակից մինչև կառավարման համակարգ, մարդու իրավունքների պաշտպանությունից՝ մինչև արտաքին քաղաքականություն: Բոլորս գիտակցում ենք, որ այդ զինադադարը վաստակել և պահպանում են հայոց զինված ուժերը՝ հենվելով մեր պետականության անվտանգային ներուժի վրա»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը: