«Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին». Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Խորհրդարանում այսօր իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ամբողջ ելույթը նվիրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության քննադատությանը: Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ-ն իր ամբողջ զեկույցում քիչ տեղ է հատկացրել կանանց իրավունքներին, հավելելով նաև, որ Արման Թաթոյանն իր գործունեության ժամանակ ցուցաբերում է երկակի ստանդարտներ:

«Մեր իշխանական կանայք ենթարկվում են տեռորի, և դրա հետ կապված Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է: Այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո: Բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Չեմ ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը, բայց Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում: Որպես ԱԺ պատգամավոր՝ ես բավարար եմ գնահատում Ձեր աշխատանքը, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորի ելույթին արձագանքեց Արման Թաթոյանը՝ ասելով.

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա: Մյուս անգամ չհամարձակվեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Մեկ բան էլ՝ կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս