Հակաճգնաժամային ծրագրերի հմայքը. ո՞վ պետք է պատասխան տա բյուջեն քամուն տալու համար

Կառավարության աշխատանքը միշտ էլ չի փայլել բարձր արդյունավետությամբ։ Առավել ևս՝ արտակարգ ռեժիմի պայմաններում ամեն ինչ խառվել է իրար. խճճվել են իրականացվող հակաճգնաժամային առանձին միջոցառումների մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել։

Ամեն ինչ սկսվեց կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրից, երբ հայտարարվեց, որ օժանդակությունից օգտվելու հնարավորություն են ստացել մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեն։ Ուստի, պետք է այդ գումարները վերադարձնեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին կամ վճարեն ուրիշների կոմունալները։ Ավելի անհեթեթ բան, թերևս, դժվար էր մտածել։

Թե ինչպես է որոշվել, որ այդ մարդիկ փոխհատուցման կարիք չունեն և գումարները պետք է վերադարձնեն, հայտնի չէ։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա մեղավորը ոչ թե փոխհատուցում ստացածներն են, այլ կառավարությունը, որը չի կարողացել արդարացված չափանիշեր սահմանել։

Չեն կարողացել սահմանել, ու հիմա Նիկոլ Փաշինյանը տեղի-անտեղի մեղադրանքներ է հնչեցնում այն «հարուստ» սպառողների հասցեին, ովքերը համարձակվում են չկատարել վարչապետի հորդորները և ստացած գումարները փոխանցել ուրիշների հաշվին։ Մինչդեռ, այդ մասին ժամանակին էր պետք մտածել, և ոչ թե՝ հապճեպ որոշումներ ընդունել, հետո էլ ընկնել կրակը։

Դեռ չհաշված, թե իր չհիմնավորված քայլերի հետևանքով կառավարությունն ինչքան վնաս է հասցրել պետական բյուջեին։ 5 մլրդ դրամից 1,2 միլիարդը, ըստ վարչապետի, նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն։ Խոսքը բավական մեծ գումարի մասին է, որը, կոմունալների փոխհատուցման ծրագիրը ճիշտ կազմակերպելու դեպքում, կմնար պետական բյուջեում կամ ավելի հասցեական կտեղաբաշխվեր։

Ստացվում է, որ միայն այս ծրագրի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների 1 չորրորդ մասն անտեղի կամ աննպատակ է ծախսվել։ Թե ո՞ւմ մեղքով և ո՞վ պետք է պատասխան տա պետական միջոցները քամուն տալու համար, վարչապետը գերադասում է ոչինչ չասել։

Ցավոք, այնպես չէ, որ խնդիրները միայն այս ծրագրի հետ են կապված։ Նույնը նաև հակաճգնաժամային 9-րդ միջոցառման դեպքում է։ Ծրագրից օգտվել են մարդիկ, ովքեր չպետք է օգտվեին։ Խոսքը Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցների մասին է։ Ու հիմա կառավարությունը նրանց ստիպում է վերադարձնել գումարները։

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, և ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել,- ասում է վարչապետը։ -Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս է, միջոցառումից գումար է տանում, երկրորդի աշխատավարձն առաջնային կարգով բարձրացրել ենք և ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս գումար է տանում: Սա է խնդիրը: Դուք պետք է հարցնեիք՝ ե՞րբ եք օր առաջ այդ գումարները վերադարձնելու և ճիշտ նպատակին ծառայեցնելու: Եվ շատ վատ երևույթ է, որ հիմա կողքից կասեն՝ ոչինչ, տարել՝ տարել են։ Ո՛չ, ոչինչ չէ, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի: Շատ ցավալի է, որ իրավապահ մարմիններում աշխատող մարդիկ, ում կոչումն է՝ ապօրինությունների դեմ պայքարել, գումար են տանում, ես դատապարտում եմ այդ երևույթը, ամաչում եմ այդպես վարված մարդկանց համար, որ իմանալով՝ այդ գումարն իրենց համար նախատեսված չէ, ստացել են»։

Հարցը նրանում չէ, թե ինչպե՞ս է իրավապահ համակարգի աշխատողն իրեն թույլ տվել օգտվել մի ծրագրից, որը նախատեսված չի եղել իր համար։ Հարցը նրանում է, թե ինչպե՞ս է ստացվել, որ ծրագիրը տվյալ մարդուն ճանաչել է շահառու։ Խնդիրն այստեղ է։ Եվ ոչ միայն այս ծրագրի դեպքում է այդպես։

Սոցիալական այլ ծրագրերից ևս օգտվել են մարդիկ, որոնք չպետք է օգտվեին։ Եվ դա՝ այն պարագայում, երբ իրական շահառուները դուրս են մնացել։

Վերցնենք 8-րդ միջոցառումը, որի շրջանակներում սոցիալական օժանդակություն պիտի ստանային արտակարգ դրության պայմաններում բացառապես տուժած ոլորտների աշխատողները։ Հաշվե՞լ են կառավարությունում, թե քանի մարդ է շրջանցել միջոցառման պահանջները և գումար ստացել՝ չլինելով տվյալ ծրագրի շահառու։ Խոսքը պարենային ապրանքների առևտրում զբաղվածների մասին է, ովքեր ընդգրկված չէին ծրագրում, բայց համակարգը նրանց հաջողությամբ գրանցել է, և մարդիկ ստացել են գումարները։

Հիմա ո՞վ է դրա մեղավորը՝ մարդի՞կ, ովքեր կարող էին և չիմանալ, որ իրենք շահառու չեն, թե՞ ծրագրի իրականացման պատասխանատուները, որ նման սողանցքներ են թողել։ Սա, իհարկե, առաջին հերթին՝ Պետեկամուտների կոմիտեի թերացումն է, որի կազմած ծրագրում դասակարգիչների հետ կապված խնդիրներ են եղել, ինչն էլ հնարավորություն է տվել օժանդակությունից օգտվել մարդկանց, ովքեր շահառու չեն համարվել։

Այսպիսի խնդիրներ չէին առաջանա, և պետական բյուջեն անտեղի կորուստներ չէր ունենա, եթե կառավարությունը ժամանակին հաշվարկեր հնարավոր բացերը։ Սա թափթփված աշխատանքի հետևանք է, որի պատճառով տուժել է պետական բյուջեն։ Կառավարության և ոչ թե շահառուների խնդիրն է՝ մտածել՝ ունե՞ն իրավունք օգտվել ծրագրից, թե՞ ոչ։ Մարդիկ պարտավոր չէին իմանալ կառավարության բոլոր որոշումները, որպեսզի նման անհեթեթ իրավիճակում չհայտնվեին, որ այսօր էլ վարչապետը կառավարության սխալները ընդունելու փոխարեն՝ նրանց չմեղադրեր մանիպուլյացիաների մեջ։

«Մանիպուլյատիվ գործողություն են արել, որ 20.000 դրամ ավել ստանան, չնայած բանկում ունեն խոշոր ավանդ։ Մենք 146.000 օգտված մարդկանցից դեպքեր ունենք, գոնե՝ 50, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն դրամ և ավել ավանդ, սակայն եկել ու հայտարարել է, որ 26 հազար դրամի օգնության կարիք ունի։ 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, որոնք իրար հետ 1 միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Զարմանալի չէ, որ այդ հայտարարությունից հետո շատերի մոտ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց վարչապետը գիտի, թե ով և ինչքան ավանդ ունի բանկում։ Չէ՞ որ դա բանկային գաղտնիք է և քաղաքացու անձնական իրավունքը։ Ինչպե՞ս է վարչապետին հասանելի դարձել այդ տեղեկատվությունը։

Այդպես մտածելու համար, անշուշտ, բավարար հիմքեր կան։ Հատկապես որ, նախկինում էլ Նիկոլ Փաշինյանը զերծ չի եղել բանկային գաղտնիքի բացահայտումից։

Այդքանից հետո ինչքան էլ փորձ արվի արդարացնել ավանդների վերաբերյալ վարչապետի վերջին հայտարարությունները, միևնույն է, փաստերն այլ բան են ասում։ Իսկ գուցե դրա՞ համար էին ուզում թուլացնել բանկային գաղտնիքի տրամադրման հետ կապված պայմանները։ Կամ, առանց դրա էլ՝ ում որ պետք է, այդ տեղակատվությունն արդեն լիուլի հասանելի՞ է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս