«Ծառուկյանը կարող ա` փեսայի վրա հույս ա դրել, ու չի էլ զբաղվում փեսայով»

Ասում է Աբովյանի քաղաքապետի պարտված թեկնածուն

Կիրակի օրը ՀՀ 5 մարզերում` Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Մասնավորապես, ընտրական պատկերը բավական հետաքրքիր էր Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի թեկնածություն էին առաջադրել Աբովյանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, և «Աբովյան» հեռուստաընկերության ռեժիսոր, անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը:

Նախնական արդյունքների համաձայն, ինչպեսև սպասվում էր` Կ. Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում` ստանալով 10.186 քվե, իսկ Ա. Մեհրաբյանը` 1778 քվե: ԿԸՀ նախնական տվյալներով` 42.531 գրանցված ընտրողներից ընտրությանը մասնակցել է 12.820-ը:

Մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում էին բացառիկ պասիվությամբ: 28/20 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Նորիկ Քեշիշյանը ևս նկատել էր ընտրողների պասիվությունը, ինչի պատճառը դժվարանում էր գտնել: Օրինակ, մինչ ժամը 12:00-ն այդ ընտրատեղամասում շուրջ 1965 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր ընդամենը 105 ընտրող: Ն. Քեշիշյանի ասելով` որևէ ընտրախախտում չէր գրանցվել: Պատկերը գրեթե նույնն էր 28/15 ընտրատեղամասում, որտեղ ընտրական հանձնաժողովի նախագահ Մարտին Հովհաննիսյանի խոսքով` ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններն ընթանում են պասիվությամբ` մինչ ժամը 12:30-ը 1451 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 90-ը:

Հարցին, թե արդյո՞ք ընտրողները պասիվ են, որովհետև հոգնել են ընտրություններից, Մ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի՛գուցե»: Որոշ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ նաև քաղաքապետի թեկնածուներից: Նրանցից Ա. Մեհրաբյանին հանդիպեցինք ընտրատեղամասերից մեկում, որտեղ նա քվեարկության էր գնացել: Վերջինս պատասխանեց մեր մի քանի հարցերին.

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: Դուք ունե՞ք ինչ-որ բան փոխելու հնարավորություն:

– Այո՛, ունեմ այդ հնարավորությունը` ընտրվելու դեպքում` միանշանակ: Ես ինձ ճանաչում եմ, գիտեմ իմ աշխատանքի ոճը, ձևը: Ես աշխատել եմ տարբեր ոլորտներում: Էնպիսի տեղեր եմ աշխատել, որ կարելի էր կաշառք վերցնել, ռեստորաններ ու տներ կառուցել, ոչ մի անգամ չեմ օգտվել դրանից: Միշտ աշխատել եմ ընդհանուր գործի համար, ժողովրդի համար: Խումբը, որ եկավ ինձ հետ Ղարաբաղ, լոզունգն էսպիսին էր` ասում էի, եթե ես հարստանամ, ձեր հետ պիտի հարստանամ:

Այսինքն` քաղաքապետը ժողովրդի հետ պիտի հարստանա: Առաջադրեցի իմ թեկնածությունն, անկեղծ ասած, շատ բողոքներից` իմ ընկերները, իմ հարևանները, որ, օրինակ, այ էս չկա, էն չկա: Կոնկրետ չասեմ` ինչեր: Հետո մտածեցի, որ ես ամեն ինչը կարող եմ շտկել:

– Ինչի՞ց եք դժգոհ Աբովյանում:

– Առայժմ ոչ մի բանից գոհ չեմ, որովհետև մեր քաղաքը հերոս քաղաք է, մեր քաղաքն ուրիշ ձևով պիտի ապրեր:

– Դուք դա կապո՞ւմ եք քաղաքապետ Կարապետ Գուլոյանի գործունեության հետ:

– Ոչ, ես չեմ կապում կոնկրետ Գուլոյան Կարապետի հետ, դա կապում եմ էն մարդու հետ, որը որ աշխատում է քաղաքապետ` անկախ նրանից, ի՞նքը կլինի, թե՞ իր փոխարեն ուրիշ մարդ կլինի: Ես դա կապում եմ ադմինիստրացիայի հետ, հենց էն շենքի հետ, էդ ամբողջի հետ, որ բոլորով իրար հետ մեր քաղաքը փչացնում են` բառիս բուն իմաստով, որովհետև, եթե հնարավորություն ունենամ, ճարտարապետին պիտի դատի տամ, ճարտարապետը պիտի գնա նստի, ու իրան մենք միշտ նկարներ պիտի ցույց տանք, ասենք` օրինակ, ա՛յ, տղա, այս ծառերը 37 տարեկան էին, դու կտրել ես, ու պերեդաչի չտանենք:

– Այնուամենայնիվ, քաղաքապետ Կ. Գուլոյանը նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Ինքներդ որևէ կոմպրոմիսի փորձե՞լ եք գնալ նրա հետ:

– Ամենաշատը հենց դա ինձ օգնեց: Իմ վստահությունը հենց էդ էր, որ ինքը Գագիկ Ծառուկյանի փեսան է: Եթե Գագիկ Ծառուկյանը տեղյակ լիներ, թե ինչեր են անում, թույլ չէր տա: Ա՛յ, հիմա ես էն մարդն եմ, որ պիտի տեղյակ պահեմ, ասեմ, թե` տեսեք, ինչեր են անում:

– Եվ Դուք կարծում եք, թե Գ. Ծառուկյանը տեղյա՞կ չէ իրավիճակին:

– Ինձ թվում է` ոչ, որովհետև ինքը թույլ չէր տա: Անձամբ ինձ մի պահ պատկերացնում եմ Ծառուկյանի փոխարեն:

– Այսինքն` Գ. Ծառուկյանը կպատժե՞ր իր փեսային:

– Ես ասում եմ` եթե ես Գագիկ Ծառուկյանը լինեի, ես կկանխեի, որովհետև դա առաջին հերթին իմ պատիվն է, եթե իմ ազգականներից մեկն ինչ-որ վատ արարք է անում, առաջին հերթին դա իմ պատիվն է: Ինձ թվում է` պարոն Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ:

– Ի՞նչն է Ձեզ դրդում այդպես մտածել:

– Դե, որովհետև, եթե տեղյակ լիներ, բա կթողնե՞ր, որ էսպիսի բաներ անեն, կթողնե՞ր, որ 37 տարեկան ծառերը կտրեին, էդպիսի շինարարություններ անեին, կթողնե՞ր, որ մարդկանց ծեծեին:

– Ո՞ւմ ծեծեին:

– Ծառուկյանը, գիտեք, թե ինչ զբաղված մարդ ա: Շատ հնարավոր է` փեսայի վրա հույս է դրել ու չի էլ զբաղվում փեսայով:

– Օրինակ, չե՞ք փորձել հանդիպել Գ. Ծառուկյանին, ներկայացնել իրավիճակը:

– Բա ոնց, հանդիպել եմ: Որ ես իմ թեկնածությունը դրել էի, էդ ժամանակ հանդիպել եմ, զրուցել եմ, նույն բաներն ասել եմ, չեմ ասել` կոնկրետ էսպիսի գործողություններ է անում, բայց ասել եմ, որ, պարոն Ծառուկյան, եթե լինեմ քաղաքապետ` էսպես կանեմ, մատով ցույց կտան մեր քաղաքը, առաջին քաղաքը մերը կլինի, և քո պատիվն էլ բարձր կպահեմ:

– Եվ ի՞նչ ասաց:

– Ա՛յ դա խնդրում եմ իրեն հարցրեք: Զրույցն ընթացել ա լրիվ ընկերական:

– Այսինքն` նա հիմա տեղյա՞կ է իրավիճակից:

– Միանգամից չէ, բայց որ կարդացի իր ուղերձը, որ նշել էր` անկախ նրանից, ԲՀԿ-ից ա, թե անկուսակցական ա, ինձ թվում ա` պարոն Ծառուկյանը հենց մեր զրույցը նկատի ուներ:

– Չե՞ք վախենում դրածո քաղաքապետի թեկնածու լինելու պիտակավորումից:

– Ես լոգիկա չեմ տեսնում Ձեր ասածի մեջ: Նույն էս հարցը, մի քիչ ավելի «հայերեն» ձևով` հարցրել էին, ասել էին` «Արտուշ ջան, կարո՞ղ ա հանես», «Արտուշ ջան, կարո՞ղ ա քո ձեները տաս իրան»: Օրինակ, էն մի թևի աշխատողները, ես հեռուստատեսությամբ նշել եմ, օգտագործում են ֆիկտիվ բառը, ասում են` Արտուշը ֆիկտիվ ա, մենք ենք դրել: Սենց բաներ են ասում, դե, եթե «ֆիկտիվ» ա, գնացեք ֆիկտիվ ինձ ընտրեք:

– Չընտրվելու դեպքում կշնորհավորե՞ք Կ. Գուլոյանին:

– Ոչ մի դեպքում ես իրեն չեմ շնորհավորի, որովհետև նույն ձևով պիտի շարունակի: Ա՛յ, եթե 4 տարի անցնի, ու տեսնեմ, որ փոխվեց ինքը, ինչ-որ բան, էն ժամանակ ես ներողություն էլ կխնդրեմ, ոչ թե կշնորհավորեմ, բայց հիմա չեմ շնորհավորի, հակառակը` ես կդառնամ ընդդիմություն` քաղաքի ընդդիմությունը, ու հեռուստատեսությունն ամեն օր ցույց կտա, ու հույս ունեմ, որ կաբելայինն էլ կմիացնեն, և ժողովուրդը կաբելայինով էլ կնայի:

Մենք փորձեցինք զրուցել նաև Կ. Գուլոյանի հետ, ում ընտրական շտաբի մոտ հավաքված «թիկնազորային պահակազորը» այնպիսի հպարտությամբ էր պաշտպանում վերջինիսի «ամրոց»-շտաբը, որ թվում էր` նրանք այն պաշտպանում էին թալիբ ահաբեկիչներից: Չնայած քաղաքապետը շենքի ներսում էր, իսկ նրա ավտոմեքենան էլ` շտաբի բակում, սակայն «ամրոցի» պաշտպաններն ասացին, որ քաղաքապետը տեղում չէ: Պարոն Գուլոյանի դեպքում դա բնավ էլ զարմանալի չէ, որովհետև նա այն քաղաքապետերից է, ով ԶԼՄ-ների հետ «գլուխ» չի դնում, և ինֆորմացիայի փակ լինելու համար նա հատկացվող «Կողպեք» մրցանակի ամենահավակնոտ թեկնածուներից է: Նա, սակայն, ի տարբերություն շատերի, ունի ամենակարևոր «բանալին»` ԲՀԿ առաջնորդի փեսան է:

Տեսանյութեր

Լրահոս