«Մարդիկ զրո տոկոսով վարկը վերցնում են ու այլ վարկեր են փակում». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի ոլորտներում գրանցված ձախողումներին: Նա կրկին անդրադարձավ քաղաքացիական ավիացիայի ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ այնտեղ առկա ձախողումներն ակնհայտ են:
Ըստ նրա՝ ձախողումներ է գրանցվել նաև երկաթգծի ոլորտում:
«Մենք 2018 թվականին մեծ օպերացիա արեցինք և հայտարարեցինք, և, եթե չեմ սխալվում՝ հենց վարչապետը հայտարարեց, որ 60 մլն դրամի չարաշահման մասին է խոսքը: Քրեական գործ է հարուցվել, սակայն մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այսօր որևէ տեսլական չունենք, թե այդ ոլորտն ինչ է լինելու: Նախորդ տարվա ողջ ընթացքում Հյուսիս-Հարավ ծրագրի աշխատանքները գրեթե սառեցված վիճակում էին, միայն աշխատանքների մի հատվածն էր ներկայացվում, այն էլ՝ ոչ ամբողջական ծավալով»,- նշեց Գ. Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ ձախողում է գրանցվել նաև փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, քանի որ Կառավարությունը չի կատարել իր այն խոստումը, որով ասում էր, թե այնպիսի պայմաններ պետք է ստեղծի, որ ՓՄՁ-ները կարողանան դառնալ մեծ ձեռնարկություններ:
Նա նաև ընդգծեց, որ Կառավարությունն իր նախորդ տարվա ծրագրում անդրադարձել է պարենային անվտանգության խնդրին, սակայն գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ որևէ բարեփոխման ծրագիր չկա:
«Այսօր գյուղատնտեսության ոլորտում աջակցության այն ծրագրերը, որը նախատեսել է Կառավարությունը՝ թիրախային չեն: Այն վարկերը, որոնց մասին խոսում ենք, դրանք անտոկոս վարկերն են, բանկերի ներկայացուցիչները փաստում են, որ չունեն բավարար ռեսուրսներ՝ հետևելու, թե այդ գումարները ներդրվո՞ւմ են գյուղատնտեսության մեջ, թե՞ ոչ: Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդիկ զրո տոկոսով վարկը վերցնում են ու փակում են այլ վարկեր»,- շեշտեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում