Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 3 մլրդ 657 մլն դրամ. Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Կառավարության 2019 թվականի կատարողականի՝ իր ոլորտին վերաբերող զեկույցը:
Ըստ այդմ՝ Կառավարությունը քայլեր է իրականացրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, օրենքով ամրագրվել են մարզպետների լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ, նկարագրվել են բնագավառում համապատասխան մարմնի լիազորությունները, և այլն։
Հաստատվել են ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, քննարկման և հաստատման կարգն ու մշտադիտարկման մեխանիզմները։
2019 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված 518 սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթներից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստում քննարկման արդյունքներով հավանության է արժանացել սուբվենցիայի 483 ծրագիր, որոնք ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին:
Կառավարության 17 համապատասխան որոշումներով սուբվենցիայի 462 ծրագրերը համաֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից 9 մլրդ 597 մլն դրամի չափով, իսկ համայնքների համաֆինանսավորման չափը կազմել է 6.8 մլրդ դրամ։ 2019 թվականի ընթացքում ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 3 մլրդ 657.9 մլն դրամ՝ 192 ծրագրերի իրականացման նպատակով։
Հատկացված գումարները հիմնականում ուղղվել են դպրոցների ջեռուցման, հիմնանորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների, ջրագծերի վերանորոգման, ինչպես նաև համանման այլ ծրագրերի իրականացման համար։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ավարտվել է 145 ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ 28 ծրագրերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանրապետությունում շարունակվել են միավորված համայնքների աջակցության ծրագրերը, որոնցով միավորված համայնքներին տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա և այլ աջակցություն: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներդրվել է միավորված բազմաբնակավայր 15 համայնքներում:
Միավորված բազմաբնակավայր 4 համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2019 թվականին մշակվել և սեպտեմբերից փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը (www.regions4growth.am), որով ներկայացվում են ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված՝ պետական աջակցությամբ, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք ուղղված են տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը։ Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ի կողմից, վերջինիս ֆինանսավորմամբ և ազգային համաֆինանսավորմամբ, իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային 8 ծրագրեր։ Ծրագրերն են. – Ինտեգրված աջակցություն՝ ուղղված Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը (1,340 հազար եվրո), – Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում (750 հազար եվրո), – Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում, որպես հիմնական նախապայման տեղական /տարածաշրջանային տնտեսական զարգացման համար (1,604 հազար եվրո), – Բնապահպանական մարտահրավերների, հնարավորությունների վերածում. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում (750 հազար եվրո), – Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն (1,194 հազար եվրո), – ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով (2,085 հազար եվրո), – Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում (1,626 հազար եվրո), – Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն (550 հազար եվրո):
Ծրագրերը շարունակվում են և կավարտվեն 2020 թվականին: Ծրագրերի իրականացմամբ նախատեսվում է ստեղծել 500-ից ավելի աշխատատեղ, ինչպես նաև բարձրացնել 300-ից ավելի ձեռնարկությունների մրցունակությունը։ Տարածքային զարգացման ծրագրի ամբողջական բյուջեն 9.9 մլն եվրո է, որի 67%-ը ֆինանսավորվում է՝ Եվրամիության, 17%-ը՝ ՀՀ կառավարության, և 16%՝ շահառուների կողմից։ Ծրագրերի իրականացման շնորհիվ արդեն ստեղծվել է շուրջ 180 նոր աշխատատեղ, բարձրացվել է ավելի քան 160 ձեռնարկությունների մրցունակությունը։ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 928 մլն դրամ, որի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվել սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով։
Սոցիալական աջակցությունը տրամադրվել է ընդհանուր առմամբ 16 համայնքի 38 բնակավայրերի ընտանիքներին։ ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսավարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Հայաստանում ակտիվորեն ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք:
2020 թ. հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թ. հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները:
Մանրամասները՝ տեսանյութում