Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում․ Մասիս ԲԿ-ի բժիշկներն Այնթապում վաղաժամ ծնունդ են ընդունել
Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5-ի լուսադեմին մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես բուժաշխատողները հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:
Այս մասին տեղեկացնում են Մասիսի բժշկական կենտրոնից։
«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթ Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է: Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում»,- հայտնում են ԲԿ-ից:
Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ երեխայի վիճակը գնահատվել է բավարար: