«Գումի շուկա»-ի աշխատակիցները չգիտեն՝ ինչպե՞ս վճարել ապրիլ ամսվա տաղավարների վարձը, առևտուր չի եղել
Երևանի «Գումի շուկա» անունով հայտնի թիվ 2 շուկայում Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից առևտուրը, աշխատողների խոսքով, հավասարվել է զրոյի: 168.am-ի հետ զրուցած քաղաքացիներն ասացին, որ առևտուր չլինելու պատճառով մարտ ամսվա տաղավարների վարձավճարն ապրիլի սկզբին մի կերպ են կարողացել վճարել: Ոմանք բանկից վարկ են վերցրել, մյուսները պարտք ենք վերցրել՝ հույսով, որ ապրիլից կանցնեն բնականոն աշխատանքի ու կկարողանան պարտքերը մարել: Բայց երկարաձգված արտակարգ դրությունն ու սահմանափակումները վիճակն ավելի են վատացրել: Այս օրերին արդեն շուկայում առևտրով զբաղվողները պետք է վճարեն ապրիլ ամսվա տարածքների վարձակալության գումարը, սակայն չգիտեն, թե ինչպես, ինչ միջոցներով:
«Մի անգամ վարկ վերցրեցինք, տվեցինք: Բայց էլ չեմ կարա վերցնեմ, որովհետև էլ չեն տա: Որ առևտուր լինի, վարձավճարները մուծելու խնդիր չկա: Բայց որ առևտուր չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասաց տեղի աշխատակիցներից մեկը:
Մեզ հետ զրույցում առևտրականներն ասացին, որ այս շուկայի հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են, և սննդի կետերը, ռեստորանները, հյուրանոցները, կամ, այլ կերպ ասած՝ մեծածախ գնումներ անողները: Այս օրերին Հայաստանում զբոսաշրջիկներ չկան, իսկ հյուրանոցները, սննդի կետերը, ռեստորանները, արտակարգ իրավիճակով պայմանավորված, չեն աշխատում: Սովորական քաղաքացիներն էլ շուկա գալու փոխարեն՝ նախընտրում են մոտակա կրպակից կամ սուպերմարկետից օգտվել:
«Առևտուր չունենք, քանի որ օբյեկտների հետ ենք աշխատել: Շուկա գալիս ա դրսի մարդը, տրանսպորտ չկա, որ գան շուկա: Բացում ենք, առևտուր չենք անում, կանգնում ենք մինչև իրիկուն ու գնում ենք տուն: Հարկայինի, տեղի գումարը վճարում ենք, ու չգիտենք՝ հետո ոնց ենք անելու: Ապրանքը ծախում ենք, վճարումներն անում ենք, ու ապրանքի գումարը չենք կարողանալու տալ»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայում վաճառքի կետ ունեցող մեկ այլ առևտրական:
«Շատ վատ ա վիճակը, տրանսպորտ չկա, չգիտենք՝ ինչ միջոցներով ենք գալիս: Առևտուր չկա, ու չգիտենք՝ ելք կա՞ դրա լուծման, թե՞ ոչ: Դիմում ենք տնօրինությանը, որպեսզի ինքն օգնի մեզ: Չգիտենք՝ հիմի իր պատասխանն ինչ կլինի, կարող ա դրական լինի, կարող ա բացասական լինի: Կարող ա և մենք սնանկ համարվենք: Ուղղակի, եթե իրանք խիղճ ունենան, մոտեցում ունենա, հասկանան մեր՝ արենդատորներիս վիճակը, ինձ թվում ա՝ պիտի զիջեն կամ կես անեն, մինչև ճգնաժամն անցնի:
Առաջին օրերին մի 2.000-3.000 դրամի առևտուր էր լինում, հիմա որ շարժ կա, մի 5.000 դրամի առևտուր ա լինում: Բայց դա ելք չի, որ կարողանա արենդատորն իր վարձը մուծի: Ես հարևան ունեմ, իրանք մեքենա ունեն, երկուսով գալիս ենք: Իսկ եթե էդ չկա, ամեն օր՝ տաքսու փող, դիմակի փող, ինչ-որ այլ պարագաների փող: Փաստորեն, իմ արած առևտուրը ես տալիս եմ էդ ծախսերին ու գնում եմ տուն, դատարկ նստում եմ»,- սրտնեղում էին քաղաքացիները:
Մեր տեղեկություններով՝ «Գումի շուկա»-ում առևտրի կետերը քաղաքացիները վերցնում են օրավարձով կամ ամսավարձով: Օրավարձը 600-ից մինչև 4000 դրամ է՝ կախված, թե ինչ ես վաճառում, իսկ ամսավարձը՝ 90.000-110.000 դրամ՝ ըստ պայմանագրի:
Այսօր աշխատակիցները հանդիպել են շուկայի տնօրենի հետ, խնդրել, որ որոշակի զիջումների անի: Օրավարձով վաճառակետերի դեպքում, մեր տեղեկություններով, տնօրինությունը կարծես որոշակի զիջումներ արել է, այն էլ՝ մասնակի, իսկ ամսավարձով վաճառակետ ունեցողների համար զիջումներ չկան: Շուկայի աշխատակիցները 168.am-ին հայտնեցին, որ տնօրինությունը տարածքների վարձակալման վճարների հարցում զիջումների գնալ-չգնալու մասին խոստացել է պատասխանել մայիսի 6-ին:
«Ես ունեմ երկու անչափահաս երեխա, գալիս-աշխատում եմ, ես հնարավորություն չունեմ էդ երկու երեխին պահեմ: Ի՞նչ պիտի անեմ: Չորս կողմն ընդհանրապես առևտուր չկա: Ինչքա՞ն վարկ վերցնեմ, բերեմ տեղի գումար վճարեմ: Բա հետո, որ ժամանակն եկավ, ես բանկին ո՞նց եմ վճարելու: Մեկ-երկու գալու են ասեն՝ «տնից դուրս եկեք, էս մեր տունն ա», ես իմ երեխեքին, իմ ընտանիքին վերցնեմ՝ ո՞ւր տանեմ: Եթե մարդ հաց չի առնում ուտելու, խմիչք ո՞վ պիտի առնի, եթե մարդ ի վիճակի չի գա, 300 դրամով մի կիլո մակարոն առնի, տանի ճաշ եփի ուտի, էդ մի օրն էլ ապրի»,- պատմում էին աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ տնօրինությունից ասել են, որ շուկան ևս հարկ է վճարում ու աշխատողներին աջակցել չի կարող: Հորդորել են, որ, եթե տաղավարների վարձակալության համար մուծումներն անել չեն կարող, ապա թող փակեն իրենց կետերը, հանձնեն շուկային, և գնան:
Մենք փորձեցինք զրուցել նաև շուկայի տնօրենի հետ: Բայց, երբ անվտանգության աշխատակիցներն իմացան, թե ինչ թեմայով ենք ցանկանում զրուցել, մեզ փոխանցեցին, թե մեր հարցերին ոչ ոք չի պատասխանի ու ոչ մի նկարահանում շուկայի ներսում անել չենք կարողանա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում