Վլադիլեն Բալյանին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ և երաժշտական բնագավառում ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի: Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
Վլադիլեն Բալյանը 1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61 թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966 թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչ 1972 թ. եղել դրա տնօրենը: 1981 թվականից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում: