Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև նոր հանդիպում չի եղել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. Aysor.am

Լրատվամիջոցներից մեկում երեկ տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել են և լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, իբր, «պայմանվորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում», քննարկման առիթն էլ եղել է «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները»:

Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել, թե որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

«Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում` դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:

Իսկ Վեհափառ Հայրապետի հետ վերոնշալ հադիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին», – պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Տեսանյութեր

Լրահոս