Դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության քրեականատողական ծառայության: Որոշման հիմքում դատարանը դրել է հայցի՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքը:
«Դատարանը գտնում է, որ սույն հայցադիմումով ներկայացված գործը վերաբերում է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` պետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայցվորին կալանավայր տեղափոխելու որոշմանը և գործողություններին և հայցվորի քրեակատարողական հիմնարկում գտնվելու գործողությունները դադարեցնելուն, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ սույն գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից և ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով»,- ասված է դատարանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել էր ընդդեմ ՔԿԾ՝ պահանջելով կանխել Ռոբերտ Քոչարյանի խոշտանգման չենթարկվելու իրավունքը խախտող գործողությունները, այն է` դադարեցնել խոշտանգումը, բացառելով մինչև համավարակի ավարտը կամ առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի գտնվելը քրեակատարողական հիմնարկում և ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի փոխհատուցումը:
Հայցի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, ներկայացված հայցում նշված է, որ Ռոբերտ Քոչարյանին ««Էրեբունի» բժշկական կենտրոնից Երևան-Կենտրոն ՔԿՀ տեղափոխելու որոշումը կայացվել է այն նույն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարարը բարձրաձայնել է դատախազությանը կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին, հայցվորը տեղափոխվել է կալանավայր այն օրը, երբ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի դեմ պայքարի շրջանակներում կալանքի տակ գտնվող անձանց թիվը պակասեցնելու ուղղությամբ»:
Դատարանի որոշմամբ այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հայցվոր կողմից որոշումը ստանալուց յոթօրյա ժամկետում:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու հիմք կարող է լինել այն հանգամանքը, որ ի վերջո Քաղաքացիական դատարանների կողմից հստակեցվի՝ արդյո՞ք Քաղաքացիական օրենսգրքում ներառված՝ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման հարցը հնարավոր է լինելու կարգավորել քաղաքացիական դատարաններում, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, Օրբելյանը փոխանցեց, որ այս պահին դեռևս չկա վերջնական որոշում, պետք է բողոքարկման նպատակահարմարության, արդյունավետության, ինչպես նաև ռեսուրսների կենտրոնացման տեսանկյունից հարցը քննարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչից հետո նոր վերջնական որոշում կկայացվի:
Նշենք նաև, որ նույնաբովանդակ մեկ այլ հայցադիմում Ռոբերտ Քոչարյանը Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրել է Վարչական դատարան: Երկու անգամ հայցադիմումը վերադարձնելուց և հայցվորի կողմից այն շտկելուց հետո ապրիլի 20-ին երրորդ անգամ հայցադիմումը մուտք է արվել Վարչական դատարան: