Բաժիններ՝

«Այս պահին սիրիահայերին վերաբերող ծրագիր չկա, իսկ նրանց 85 տոկոսը վարձով է ապրում». Զարեհ Սինանյան

«Սիրիայից Հայաստան տեղափոխված և հաստատված մեր հայրենակիցների մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում,  և դա իրենց եկամտի վրա մեծ բեռ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մարդիկ կան, որ այս պահին չեն աշխատում, բայց ստիպված են շարունակել իրենց բնակարանների վարձը վճարել, կանգնած են լուրջ խնդիրների առջև։ Մենք առերեսվել ենք այս խնդրին, սակայն այս պահին նման ծրագիր չկա։ Բայց մենք փորձում ենք ձև գտնել, ինչ-որ ծրագիր առաջարկել մեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը խտրական չի լինի, այսինքն, միայն սիրիահայ ընտանիքների համար չի լինի, բայց կկարողանա բավարարել այս պահանջը»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ սիրիահայերը և տարբեր երկրներից հայրենադարձ քաղաքացիներ, որոնց մեծ մասը նախքան արտակարգ դրությունն օրավարձով է աշխատել, չեն կարողանում կոմունալ վճարումներ կատարել, տան վարձ վճարել։

«Բոլորս 7-8 տարվա հայրենադարձներ ենք, ինձ նման շատերն արդեն ՀՀ քաղաքացի են, բայց այստեղ մեկ խնդիր կա․ տեղացիների նման մենք չենք աշխատել, 10 տարվա աշխատանքային ստաժ չունենք ու այդքան թոշակ չենք ստանում։ Մենք ամեն օր աշխատում ենք ու ծախսում, մեկը մատուցող է, մյուսը՝ ավտոմեխանիկ: Այսինքն՝ այսօր աշխատում են՝ այսօր ուտում, իսկ հիմա, երբ մեկ ամիս է՝ տանն են, ոմանք կոմունալները չեն կարողանում վճարել, ոմանք՝  սննդի կարիք ունեն։ Սիրիահայերի  90 տոկոսը նաև բնակարանի վարձի խնդիր ունի։

Նվազագույնը 80-90․000 դրամ վարձ են վճարում։ Առաջ կար Սփյուռքի նախարարություն, գոնե գնում էինք, խոսում, պարզաբանում էին, հիմա ո՞ւր գնանք, ո՞ւմ հետ խոսենք։ Սփյուռքահայը ո՞ւր պետք է դիմի՝ կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրից օգտվելու համար։ Շատերն այստեղի օրենքները չգիտեն, դրանք բացատրող էլ չկա։ Հասկանո՞ւմ եք, երկար ժամանակ Հայաստանում ապրողը գիտի, թե ո՞ւմ դիմի, ի՞նչ անի, բայց հայրենադարձը չգիտի, ոչ ոք չի ասում՝ այս կայքը մտի, այսպես արա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հալեպահայ Հրայր Ագուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս