Բաժիններ՝

Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. ունենում ենք մինչև 30 աղբյուր. Արսեն Թորոսյան

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Այսօր Ազգային ժողովում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները և ոչ թե՝ նայել թվերին»,- ասաց  նախարար Արսեն Թորոսյանը՝  բերերով նաև Շվեդիայի օրինակը, որտեղ որևէ միջոցառում չի անցկացվել:

«Այդ երկիրը, որն ունի 10 միլիոն բնակչություն և որևէ միջոցառում չի անում, արդեն ունի 800 մահ: Հիմա, եթե դա համեմատենք մեր 2.5 միլիոն բնակչության հետ, ապա դա նշանակում է, որ մենք պետք է ունենայինք 200 մահ, այդ թիվը չունենք՝ շնորհիվ իմ նշած միջոցառումների, որոնք շատ դաժան են՝ թե՛ տնտեսության, թե՛ բուժանձնակազմի համար: Մենք այսօր ևս մեկ մահ ունենք՝ ընդհանուր թվով 12 մահ ունեցանք: Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը  ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց  նախարարը՝  նշելով, որ, թեև մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին, սակայն ամեն ինչ արվում է դրան չհասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս