Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից. Վահե Հովհաննիսյան
Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյոք մի փոքր չենք շտապում։
Ակնհայտ է, որ մենք և աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մոդելավորել հետհամաճարակային նոր աշխարհը՝ իր հասարակական, տնտեսական, կառուցվածքային փոփոխություններով։ Այդ նոր աշխարհի հիմքը դրվում է այսօր՝ համաճարակային փուլում։
Մեծ համաճարակի բերած տեղական փոփոխությունները
Սպասվող գլոբալ փոփոխությունների ցանկում առաջին տեղը տրվում է ոչ այնքան տնտեսության, որքան՝ մտածողության, աշխարհընկալման փոփոխությանը։
Հայաստանյան իրականության մեջ մինչ այս պահը հանրային տրամադրությունների առումով երկու փաստ է արձանագրվել:
1. Վարակը դադարեցրեց տոքսիկ թեմաների գերիշխումը մեր կյանքում։ Վարակը, մեծ հաշվով, սոցիալական ցանցերում և հանրային մթնոլորտում լուրջ սանացիա արեց՝ հետ մղելով արհեստականորեն առաջ բերված բազմաթիվ «թեժ» թեմաներ։ Խաղարկային և բնական ագրեսիան, ատելությունը, մարտնչող պրիմիտիվիզմը, որ առկա էին ներհանրային օրակարգում, մեր առօրյայում, բավականին նահանջեցին։ Վիրուսը նպաստեց հասարակության դետոքսիկացիային։ Երկրում տոքսիկ մթնոլորտը հասել էր վտանգավոր ծավալների։
2. Ցավոք, ատելության և բաժանումների երկարատև փուլը տվել է իր ազդեցությունը, և հիմա նկատվում են որոշ հակակոնսոլիդացիոն միտումներ։ Չլիներ նախորդած ատելության և թշնամանքի փուլը՝ մեր հասարակությունն այսօր գուցե այլ դրսևորումներ կունենար։ Սա այս պահին գուցե տեսական հարց է և սուբյեկտիվ ընկալում, բայց գալիք տնտեսական սոցիալական անխուսափելի լարվածության ալիքի փուլում սա ավելի ցայտուն է երևալու։ Ինքն իրենով՝ սա մի առանձին մարտահրավեր է, որի մասին պետք է մտածել։
Օրինական երկիշխանություն
Վիրուսը ստիպեց, որ երկրում հաստատվի օրինական երկիշխանություն։ Կա քաղաքական իշխանություն և կա պարետատուն։ Իրական կյանքում, մեր առօրյայում պարետատունն այսօր ավելի առկա է և ավելի կենսական։ Այն ամենօրյա ռեժիմով փորձում է կառավարել ընդհանուր ռիսկերը։ Այս իրողության հանդեպ պետք է ուշադիր լինել, և, գուցե, ժամանակավորապես փորձել զսպել քաղաքական կամ գուցե այլ նպատակներով, թեկուզ՝ օգտակար լինելու ազնիվ մղումով հանրային ճնշումը պարետատան վրա։ Նույնիսկ օբյեկտիվ քննադատության պարագայում պետք է շատ զգույշ լինել։ Կա՞ն գործնական առաջարկներ՝ անենք։ Կընդունեն՝ կընդունեն, չէ՝ չէ։
Պարետատունն իրականացնում է երկրի ամենօրյա «մեխանիկական կառավարում», և արհեստական դժվարություններ ստեղծել նրանց համար՝ նշանակում է՝ դժվարացնել մեր բոլորի կյանքի այսօրվա բարդ համակարգումը։
Իրենց խոսքի արժեքն իմացող շրջանակները և անհատներն անընդհատ կանգնում են ընտրության առաջ՝ փորձելով գտնել ճիշտ բալանսը՝ տեղեկացվածության և հանրային պսիխոզի, նախազգուշացման և չարախոսության, կանխատեսման և խուճապի տարածման միջև։ Սա հեշտ գործ չէ, բայց եթե կա իրական ցանկություն, լուծումներ կգտնվեն։ Սա, իհարկե, ենթադրում է նույն տրամաբանության մեջ քայլեր՝ նաև պարետատան կողմից՝ ուշադիր լինել դրսից ստացվող վերլուծությունների հանդեպ, կարողանալ տարբերել օբյեկտիվ տեղեկատվական-վերլուծական աջակցությունը անարժեք հոսքից, արագ արձագանքել արվող խելամիտ առաջարկներին և այլն։
Ընդհանրապես, մեր կյանքի այս և հաջորդ փուլերի համար նոր կարևոր գաղափար է մտնում՝ բալանսը։ Մենք պարտավոր ենք լինելու այսուհետ բազմաթիվ իրավիճակներում գտնել ճիշտ բալանսը։
Մենք, ինչպես մյուս բոլոր պետությունները, հայտնվելու ենք հետհամաճարակային փուլում։ Թե ինչպես, ինչ վիճակում և ինչ հեռանկարներով մենք կհասնենք այդ փուլ, շատ բանով կախված է նրանից, թե ինչպես կանցնենք այսօրվա՛ փուլի միջով։ Մենք դեռ համաճարակի փուլի սկզբում ենք և, նախքան ապագայի քննարկումը, պարտավոր ենք շատ ուշադիր և շատ զգոն լինել ներկայի հանդեպ։
Իսկ հետո՞
Այսօր աշխարհի բոլոր առաջատար պարբերականները և հեղինակավոր դեմքերը նկարագրում են, թե ինչպիսին է լինելու հետհամաճարակային աշխարհը։ Նկարագրությունները մեկը մյուսից գունեղ են, շրջադարձային, հեղափոխական՝ ավետելով քաղաքակրթական փոփոխություններ։
Իրականում՝ կյանքն աստիճանաբար մտնելու է բնականոն հուն, իսկ ֆանտաստիկ նկարագրություններով ապագան կերտվելու է աստիճանաբար։ Փոխարենը, կարճ ժամկետում, ծագելու են լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, սնանկություններ, բյուջեի դեֆիցիտներ, սոցիալական լարվածություններ, կոնֆլիկտներ և այլն։
Ակնհայտ է, որ այս ֆոնին հետհամաճարակային աշխարհում լինելու են կառավարությունների փոփոխություններ։ Սա անխուսափելի է՝ ճգնաժամերը, սոցիալական լարվածությունները միշտ հանգեցնում են իշխանությունների փոփոխության։ Մի երկրում դա կլինի հերթական ընտրությունների, այլ դեպքում՝ արտահերթ զարգացումների, հեղափոխությունների և այլ կտրուկ իրադարձությունների տեսքով։
Հայաստանի պարագայում բոլոր ընդհանուր խնդիրներին միշտ պետք է ավելացնել անվտանգության սուր խնդիրը, պատերազմի հավանականությունը, սահմանների փակ լինելը։ Ոչ մի վիրուս և ոչ մի համաճարակ չի փոխելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հարմար պահի լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։
Հայաստանում իշխանության փոփոխության տարբերակները
Ակնհայտ է, որ նախահամաճարակային մտածողությամբ և պատկերացումներով հայաստանյան իշխանությունը չի կարող մնալ հետհամաճարակային փուլում։ Դա շատ դժվար է պատկերացնել։
Նոր փուլում Հայաստանին նոր մտածողություն, նոր խաղի կանոններ, նոր մթնոլորտ և նոր ծրագրեր են պետք՝ բառիս բուն իմաստով՝ նոր Հայաստան։
Առաջնահերթության իրավունքով՝ իշխանության որակի փոփոխության քայլը պատկանում է իշխանությանը։ Պարզ ասած՝ եթե իշխանությունն իր մեջ գտնի փոփոխության ռեսուրս և սկսի «սոցիալական հեռավորություն» պահպանել իր իսկ նախահամաճարակային հիմնական ծրագրերից և պատկերացումներից, ապա երկրում հնարավոր կլինի ստանալ կոնսոլիդացիոն միտումներ, միասնական աշխատանքով մեղմել լարվածությունը, դիմանալ մարտահրավերներին։
Եթե իշխանությունը չհասկանա դրա կարևորությունը, շարունակի բռնելու, խլելու, դատելու, ազգայնացնելու իր անցումային հոգեբանությունը, շարունակի ագրեսիվություն ներարկել ամեն լայվով ու հանրահավաքով, շարունակի խաբել հեշտությամբ իր խոսքին տրվող հասարակությանը, ապա մի պահի փողոցում հայտնված քաղցած, անփող, անաշխատանք, անհեռանկար տասնյակ հազարները ստեղծելու են «ուրիշ Հայաստան»՝ միաժամանակ որպես թիրախ տեսնելով թե՛ «Հին», թե՛ «Նոր» Հայաստանների վերնախավերին։ Եթե կա գիտակցություն՝ սրանից խուսափելու, եկեք միասին գտնենք ելքեր։
Կա, ուրեմն, երկու ընտրություն. կա՛մ իշխանությունը կդնի նոր «սոցիալական հեռավորություն» իր և իր նախկին պատկերացումների միջև, կամ, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը կսկսի սոցիալական հեռավորություն պահել նման մտածողությամբ իշխանություններից։ Հասարակության ներսում կսկսի աշխատել ինքնապահպանման բնազդը։ Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։
Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից։ Ամբողջ վտանգն է այն է, որ հաջորդ փուլում, սպասվող դժվարությունների և անհեռանկարայնության փուլում, ժողովուրդը կարող է հոգնել բուն Հայաստանից։ Նման պատմական հակումներ, ցավոք, մենք ունենք։ Մենք թերագնահատում ենք այսօրվա իրականությունը։ Նույնիսկ ոչ թե վաղվա ռիսկերը, այլ՝ հենց այսօրվա իրականությունը։
Ի վերջո, հանգելու ենք հիմնական հարցին. ո՞ր ճանապարհով ենք գտնում։ Դիմանալու համար պետք է ունենալ այլ մթնոլորտ և այլ պատկերացումներ։
Հայաստանում իշխանությունն ասում է, որ ճգնաժամը նոր հեղափոխական զարգացումների և առաջընթացի հնարավորություններ է տալիս։ Բայց այդ բանաձևը ճիշտ է միայն ու միայն մեկ դեպքում՝ եթե դու ունես առաջընթացի մտածողություն, գրագետ ծրագրեր, կոնսոլիդացիոն ռեսուրս, հակաճգնաժամային կառավարման գիտելիք և փորձ։ Հակառակ դեպքում ճգնաժամի մեջ ոչ մի լավ բան չկա։ Այն մարդկանց աննկարագրելի դժվարությունների առաջ է կանգնեցնում, փլուզում է կյանքեր, անդառնալի հետքեր թողնում։
Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան՝ սխալ պատկերացումներով լուծումներ առաջարկել։ Հեշտ լուծումներ չկան, հեշտ ոչինչ այլևս չի լինելու։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ