Բաժիններ՝

«Մեզ մոտ կառավարությունը ոչ մի բան մարդկանց չի պատրաստվում տեղեկացնել-զգուշացնել, այլ պատրաստվում է օգտագործել այդ տվյալներն իրենց մեկուսացումը վերահսկելու համար». Դավիթ Սանդուխչյանը՝ նոր նախագծի մասին

Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որտեղ Տ. Ավինյանը մասնավորապես նշել էր.

«Վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը»:

Այս նախագիծն իրարամերժ գնահատականների արժանացավ հասարակական ու մասնագիտական շրջանակներում:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով թեմային՝ իրավաբան Դավիթ Սանդուխչյանն ասաց. «Օրենքի հիմնական բովանդակությունը շարժական կապի, բջջային կապի օպերատորների կողմից կառավարությանը և կառավարության կողմից հիմնադրված ընկերություններին որոշակի տեղեկությունների տրամադրման մասին է, ինչը կապված է կորոնավիրուս համաճարակի տարածման և դրա դեմ պայքարի հետ»:

Բովանդակության մանրամասներին անդրադառնալով՝ իրավաբանը նշեց. «Հայաստանի օրենսդրությունն արգելում է նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում Կառավարությանը ստանալ շարժական կապի օպերատորներից անձանց տվյալները, թե ով որտեղից է խոսել, ում հետ է խոսել և այլն»:

Դ. Սանդուխչյանը հիշեցրեց՝ բջջային օպերատորները հնարավորություն ունեն պարզելու՝ որտեղ են գտնվում քաղաքացիները, ում հետ են շփվում, և այլ անձնական տեղեկություններ նշելով.

«Կառավարությունն ուզում է ձեռք բերել այդ տվյալներն օպերատորներից, ինչպես գրել է հիմնավորման մեջ, արդյունավետ պայքարելու համաճարակի դեմ:
Ամենամեծ թերությունն այն է, որ հիմնավորման մեջ չի գրվում՝ ինչպես են դա իրականացնելու: Կառավարության աշխատակիցները, որոնք աշխատել են հիմնավորման վրա և գրեթե չեն բացատրել, թե ինչպես պետք է աշխատի այդ համակարգը և ինչպես թույլ կտա կանխել համաճարակը՝ բացառությամբ նրա, որ մարդկանց հնարավոր կլինի հետևել և պարզել՝ իրենք լքե՞լ են իրենց տները, թե՞ ոչ»:
Ըստ նրա՝ կառավարությունն այնպիսի տվյալներ է ուզում, որոնք անհասկանալի են, թե ինչպես են օգնելու կառավարությանը վերահսկել իրավիճակը. «Ամենասարսափելի մասն այն է, որտեղ օրենքն ասում է, որ կառավարությունը կարգին համապատասխան կարող է պարտադրել անձանց իրենց հեռախոսներում ներբեռնել որոշակի ծրագրեր և պահպանել այդ ծրագրերն աշխատող վիճակում, ոչ մի դեպքում չանջատել, որպեսզի կառավարության այդ մարմինները կարողանան վերահսկել ձեր վայրը:

Բացի այդ՝ դուք պարտավորվում եք այդ ծրագիրը պահել աշխատող վիճակում, ինչպես նաև ձեր սարքը, որովհետև եթե ձեր սարքը պատահմամբ անջատվի, փչանա, դա կդիտվի՝ որպես մեկուսացման ռեժիմի խախտում, և դուք կենթարկվեք պատասխանատվության»:

«Ոչ միայն ձեր վզին թոկն է հագցնում, նաև ասում է՝ թոկին լավ նայիր, որպեսզի հանկարծ չպոկվի»,- այսպես է ներկայացնում իրավաբանը նախագծով ստեղծվող իրավիճակը: Անդրադառնալով տարբեր երկրների փորձի մասին հիշատակումներին՝ նա հավելեց.

«Ես ուսումնասիրեցի Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հարավային Կորեայի փորձը. Իսրայելում նույնիսկ, որը ոչ այնքան մարդու իրավունքները հարգող պետություն է, չնայած բավականին ժողովրդավարական, բայց խիստ պետություն է (քանի որ պատերազմող երկիր է, և մարդու իրավունքները երբեք առաջնային խնդիր չեն եղել), իրենց Անվտանգության նախարար Գիլադ Էրդանն ասել է, որ այդ տվյալները որևէ պարագայում չեն օգտագործելու մարդկանց վերահսկելու համար և որևէ կերպ չեն օգտագործելու մեկուսացման ռեժիմի հսկողության համար, այլ ընդամենը մարդկանց հնարավոր վարակման մասին տեղեկացնելու համար, որպեսզի իրենք կարողանան դիմել-ստուգվել, և այլն:

Հասկանում եք, չէ՞, տարբերությունը. Մի պետություն՝ Իսրայելը, որը ո՛չ ԵԽ-ի անդամ է, ո՛չ Եվրոպական Մարդու իրավունքների կոնվենցիայի անդամ է, երկիր, որը շրջապատված է միայն թշնամիներով (չնայած մենք էլ՝ բացառությամբ մեր բարեկամների), երկիր, որ երբեք այդքան մեծ ուշադրություն չի դարձրել մարդու իրավունքներին, բայց այնտեղ կառավարությունն ասում է, որ մենք կօգտագործենք այդ տվյալները՝ մարդկանց տեղեկացնելու համար իրենց հնարավոր վտանգի մասին: Մեզ մոտ, հակառակը՝ կառավարությունը ոչ մի բան մարդկանց չի պատրաստվում տեղեկացնել-զգուշացնել, այլ պատրաստվում է օգտագործել այդ տվյալներն իրենց մեկուսացումը վերահսկելու համար:

Ոչ ոք չի ասում, որ վերահսկողությունը վատ բան է այս պայմաններում, մարդիկ պետք է լինեն ինքնագիտակից, ձգտեն քիչ շփում ունենալ, բայց դա պետք է երևի ներշնչել մարդկանց, բացատրել ամեն օր, ոչ թե ոստիկաններ շարել փողոցում»:

Իրավաբանը, խոսելով անվտանգության խնդիրների մասին, նշեց. «Ընդհանրապես, եթե չկա պատկերացում, թե ինչպես են օգտագործվելու տվյալները, բայց ուզում են այդպիսի ահռելի քանակով տվյալներ, դա միշտ ինձ լարում է: Ես հասկանում եմ՝ մարդիկ իրականում չգիտեն՝ ինչի համար են դա վերցնում, իսկ ես հասկանում եմ, որ իրենք կարող են դա ոչ պատշաճ ձևով օգտագործել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության նոր նախաձեռնությն ասին իմ տեսանյութը: Կներեք, շատ անպատրաստ է: Ուզում էի գրել, բայց հետո հասկացա, որ երկար է լինելու: #կորոնավիրուս #նարՀայաստան

Gepostet von David Sand am Sonntag, 29. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս