«Այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության որևէ դեպք չունենք». Շուշան Ստեփանյան
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր այցելել է կորոնավիրուսով վարակված զինծառայողների հետ թիրախային կոնտակտ ունեցածների մեկուսացման վայր: Նա, բնականաբար, հատուկ հանդերձանքով էր` պաշտպանիչ ակնոցներ, դիմակ, երկշերտ ձեռնոցներ: Շուշան Ստեփանյանին ուղեկցում էին բուժաշխատողներ և ԳՇ ներկայացուցիչը:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողների մեկուսացման վայր մուտքը խիստ վերահսկվում է:
Շուշան Ստեփանյանը սոցիալական հեռավորությունից փորձեց պարզել մեկուսացված զինծառայողների որպիսությունը, տրամադրությունը:
Նրանցից մեկն ասաց, որ իրենց` մեկուսացման վայրում գտնվելը դեռևս ոչինչ չի նշանակում, կանխարգելիչ միջոցառումներ են` չնպաստելու կորոնավիրուսի տարածմանը:
Նա շուտափույթ ապաքինում մաղթեց վարակված զինծառայող ընկերներին, որոնց թիվը 5-ն է` խորհուրդ տալով բոլոր քաղաքացիներին մնալ տանը և չնպաստել վարակի տարածմանը:
Մեկուսացման վայրից ուղիղ միացմամբ ՊՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված զորամասի անձնակազմից են:
«Այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության որևէ դեպք չունենք արձանագրված, իրավիճակը վերահսկվում է»,-ընդգծեց Շուշան Ստեփանյանը:
Gepostet von Shushan Stepanyan am Freitag, 27. März 2020
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը` արձագանքելով մեկուսացված ( ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններին, վստահեցրեց, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: