Բաժիններ՝

«Հիմա ի՞նչ, «ատկատ» չենք վերցնո՞ւմ»։ «Իհարկե ոչ»

ՀՀ կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ իր տոնայնությամբ ու հետաքրքիր դիմելաձևերով,  ոչ միայն դարձել է քննարկման առարկա, այլև շարունակություն է ունենում։ Օրինակ՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր հերթին՝ խորհրդակցություն է ունեցել և ոլորտի բոլոր պատասխանատուների հետ քննարկել նախագահի հանձնարարականները։ Ավելին՝ թեպետ ողջ հանրապետությունը արդեն 100 անգամ դիտել է այդ նիստի կադրերը, սակայն նախարարը հարկ է համարել կրկին բառացի հիշեցնել Ս. Սարգսյանի խոսքերը: «Նախագահը հիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը: Եվ, որ «նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանի գործելաոճը դասական բանաձև է, որով գործում է պետական համակարգը։ Նախագահն ասում է վարչապետին, վարչապետը՝ նախարարներին, նախարարները՝ փոխնախարարներին ու վարչության պետերին, վարչության պետերը՝ բաժնի պետերին, և այսպես շարունակ՝ մինչև գնումներով անմիջականորեն զբաղվող աշխատակիցները։

Ամենահետաքրքիրը հենց այս վերջին օղակն է։ Երբ վերադասը գնումներով անմիջականորեն զբաղվող աշխատակցին հանձնարարի այսուհետ նորմալ աշխատել, վերջինս կշփոթվի և ճշտող հարց կտա՝ շեֆ, հիմա իրո՞ք մաքուր ենք աշխատում։ Ու ծավալվելու է մոտավորապես այն երկխոսությունը, որը տեղի էր ունենում հայտնի ֆիլմի Նաջարյանի և ֆերմայի վարիչի միջև։

Որքան էլ նախագահի խոսքը խիստ լինի, որքան էլ անկեղծ թվա մտահոգությունը խնդիրների վերաբերյալ, միևնույն է՝ դժվար է հավատալ, որ «ատկատ» ասվածը տեսանելի ապագայում կվերանա Հայաստանում։ Սա հոռետեսություն չի, այլ պարզ տրամաբանության արդյունք։ Մեր երկրում նախարարը ստանում է 330 հազար դրամ աշխատավարձ, տեղակալն՝ ավելի քիչ, վարչության պետերը՝ էլ ավելի քիչ։  Ու այդ աշխատավարձով նախարարը կամ նրա տեղակալը պետք է հագնի մի քանի հազար դոլարանոց կոստյում` մի քանի հարյուր դոլարանոց փողկապով։ Պետք է հագնի բրենդային կոշիկներ և կրի բրենդային գոտի։ Պետք է կապի մի քանի հազար դոլարանոց ժամացույց, ունենա «թույն»  գրիչ, և այլն։ Ընդ որում, սա ոչ թե «թիթիզություն» է, այլ ինչ-որ տեղ՝ նաև անհրաժեշտություն։ Հազար ու մի հանդիպում են ունենում, այցելություններ։ Բա դրսում չե՞ն ասի՝ Հայաստանի պաշտոնյաներն ինչ քրջոտ են հագնվում։

Այս խնդիրը լուծելու համար երկու ճանապարհ կա՝ կամ մարդուն նորմալ աշխատավարձ են տալիս, կամ՝ պետական միջոցներով հոգում այդ ծախսերը։ Մեզանում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը։ Դա թողնված է յուրաքանչյուրի «շուստրիությանը»։ Արդյունքում՝ «ատկատներն»  ու կողմնակի եկամուտ վաստակելու մնացած  գործիքները շարունակում են մնալ արդիական։

Հենց դրա համար էլ նման միջոցառումների արդյունավետությանը քչերն են հավատում։  Միգուցե իշխանության վերևներում գտնվողներն իրենց մտահոգություններում անկեղծ են, սակայն ստորին օղակի աշխատողը  նույնպես անկեղծ է, երբ ասում է, որ առանց կողմնակի եկամտի չի կարող աշխատել։ Որովհետև աշխատավարձով ծայրը ծայրին չի կարող հասցնել։ Որովհետև գիտի՝ եթե հնամաշ հագուստով մտնի իր շեֆի մոտ, կարող է նկատողություն ստանալ։ Կամ՝ եթե շեֆի որդիների հարսանիքներին, կնունք-ծնունդներին նորմալ նվեր չմատուցի՝ աշխատանքային կարիերան կարող է տխուր զարգացումներ ունենալ։ Ու, որ ամենաաբսուրդայինն է՝ չի բացառում, որ ազնիվ աշխատելու դեպքում՝ շեֆը կարող է իրեն գործից ազատել՝ մտածելով, որ փող է վերցնում և իրեն բաժին չի հանում։

Մինչդեռ ամեն ինչի հիմքում ընկած է մի պարզ ճշմարտություն՝ մարդուն պետք է տաս, որ կարողանաս պահանջել։ Այս պարզ ճշմարտությունը մեզանում կամ չեն ընկալում, կամ պարզապես արհամարհում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս