Բաժիններ՝

Խստորեն խորհուրդ եմ տալիս ոչ շտապ հանրային բոլոր միջոցառումները հետաձգել. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 15 մարդ և մոտ 200 մարդ մեկուսացված է:

«Մինչ օրս մոտավորապես ունենք արդեն մոտ 200 անձ մեկուսացված տարբեր եղանակներով՝ թե՛ առանձին բնակավայրերում, և թե՛ շենքում ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունը հետևյալն է. մեկուսացված անձինք պետք է պարտադիր շփված լինեն, սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը չի բացառում, որ Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության արդյունքում մեկուսացված անձանց թվում մեծանա կորոնավիրուսով վարակվածների թիվը: Բայց դրանում նախարարը դրական միտումներ ևս տեսնում է:

«Եվ կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, և այդ աշխատանքները շարունակվում են, և մեկուսացրել ենք նրանց, և հույս ունենք, որ մեկուսացվածների մոտ, իհարկե, դեպքեր չեն հայտնաբերվի, չի հաստատվի հիվանդությունը: Սակայն, եթե նույնիսկ հաստատվի էլ, նրանք արդեն մեկուսացված են: Այսինքն, կարելի է ասել, որ այդ առաջնակի պացիենտից հետո եղած շփումները և նրանցից հետո էլ եղած գրեթե բոլոր շփումները հայտնի են և մեկուսացված են»,- նշեց նախարարը:

Արսեն Թորոսյանը չի բացառում, որ կարող են հայտնվել նոր մարդիկ, ովքեր մասնակցել են Էջմիածնում տեղի ունեցած միջոցառմանը կամ շփվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ:

«Իհարկե, հնարավոր է լինեն, ինֆորմացիայի բացակայության և այլ պատճառներով, դեռ որոշ անձինք, որոնք չեն բացահայտվել, դրա համար ուզում եմ ամեն դեպքում այս դրականը հաշվի առնելով հանդերձ՝ խնդրել՝ հետևել մեր վերջին օրերի կոչերին»,- նշեց նախարարը:

Կոչը վերաբերում է տնից դուրս չգալուն, շատ մարդկանց հետ չշփվելուն ու անձնական հիգիենան պահպանելուն:

«Օգտագործել առիթն ընտանիքի հետ ավելի շատ անցկացնելու համար մեր սեփական տներում և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային միջոցառումների, հնարավորության դեպքում դրանք հետաձգել որոշակի ժամանակով՝ մի քանի շաբաթով, մինչև մեկ ամիս ժամանակով, որպեսզի տեսնենք՝ համաճարակաբանական վիճակն ինչպես է փոխվում: Այսինքն, ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս, եթե այդպես կարելի է ասել, հետաձգել:

Ինչպես նաև այս առիթն օգտագործել տանը մնալու համար, և ոչ թե՝ նորից զվարճանքի վայրեր կամ այլ հանրային վայրեր հաճախելու համար: Իսկ եթե անխուսափելիորեն պետք է գտնվեք շատ կամ թեկուզ քիչ մարդկանց շրջապատում, խորհուրդ եմ տալիս պահպանել այդ սոցիալական հեռավորություն կոչվածը, որը 1-2 մետրն է, և նվազագույնի հասցնել անմիջական շփումը ձեռքսեղմման, համբուրելու, գրկախառնվելու ձևով: Եվ էլ նորից չեմ ուզում կրկնել՝ պահպանել անձնական հիգիենայի կանոնները փռշտալու, հազալու և ձեռքերը միշտ մաքուր պահելու՝ օճառով լվանալով կամ ալկոհոլային հիմքերով գելերով»,- քաղաքացիներին հորդորեց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն մեկի մոտ կա թոքաբորբ. նա բժիշկների հսկողության տակ է:

«Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այս պարզ կանոնները՝ այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել, ինչպես որոշ երկրներում դա, թեկուզ դժվարությամբ, սակայն ստացվել է»,- ասաց Թորոսյանը՝ խոստանալով տեղյակ պահել առաջիկա միջոցառումների և նոր դեպքերի մասին ու ոչինչ չթաքցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս