Հաստավիզների «ժողովրդավարություն»

«Բարի ավանդույթի» համաձայն, յուրաքանչյուր ընտրությունից առաջ իշխանությունները սկսում են հասարակությանն ուղղված` իրենց կարծիքով՝ «ուղեղային գրողը կամ ուղեղների լվացումը»: Դրան մասնակցում են իշխանական համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող փորձագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, հոգեբաններ: Առաջիկա նախագահական ընտրությունները ևս բացառություն չեն, ու «գործընթացն» արդեն սկսվել է:

Օրինակ, այսօր հոգեբան Կարինե Նալչաջյանը հայտարարել է. «Հայ ժողովուրդն այսօր դեմոկրատական ղեկավարի կարիք չունի»: Սովորաբար նորմալ երկրներում, հատկապես հոգեբանները, նման լուրջ գնահատականներ հնչեցնելու համար հիմնվում են եթե ոչ՝ մի քանի, ապա գոնե մեկ հետազոտության, ուսումնասիրության վրա: Բայց քանի որ Հայաստանն այդպիսին չէ, կարելի է լուրջ հոգեբանի կարգավիճակ ձեռք բերել ու նման հայտարարություններ անել ընդամենը սեփական դատողությունների վրա: Իսկ Նալչաջյանի համար նման գնահատականի հիմք է հանդիսացել իր այն դիտարկումը, որ ժողովրդավարական ղեկավարը  հայ ժողովրդի համար կարող է ինչ-որ առումով թույլ թվալ:

«Կարելի է ասել, որ ինչ-որ առումով հայերն ավտորիտար ղեկավար են ուզում: Այսօր մարդկանց ավելի շատ վստահություն են ներշնչում լիքը գրպաններ ու հաստ վիզ ունեցող մարդիկ»,- ասել է Կարինե Նալչաջյանը` շեշտելով, որ  կառավարման ասպարեզում անհրաժեշտ է նաև ավտորիտարիզմի խելամիտ չափ: Բնականաբար, «օբյեկտիվության» տպավորություն ապահովելու համար հարգարժան հոգեբանն ավելացրել է, որ  կառավարման ոճերից ամենաարդյունավետը հենց դեմոկրատիան է: «Ոչ դեմոկրատական հարաբերություններում մարդիկ զգուշանում են իրարից, փորձում են առավելություններ ունենալ՝ պաշտպանվելու համար: Եթե պետության մեջ դեմոկրատական արժեքները կաղում են, մարդիկ զայրացած են լինում»,- ասել է նա:

Թե որն է նման հայտարարությունների, դրանց հեղինակների կարծիքով՝  «հասարակական տրամադրություններ սերմանելու» նպատակը, դժվար է ասել: Թեև, կարելի է ենթադրել, որ իշխանական «PR-շչիկների» հաշվարկներով, նման գաղափարներ տարածելով, հասարակությանը համոզում են, որ  «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Այսինքն` նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ փորձում են նախապես հասկացնել`«ապագա նախագահի ավտորիտարիզմից չդժգոհեք, քանի որ դուք եք սիրում ավտորիտար ղեկավարների»:

Իհարկե, Կարինե Նալչաջյանի ասածների մեջ ճշմարտություն կա. մեր հասարակությունն իսկապես հակվածություն ունի դեպի ավտորիտար ղեկավարները, ինչն իր հերթին՝ որոշակիորեն օբյեկտիվ` պատմական հիմքեր ունի և բխում է նաև պետականության բացակայությունից:

Ավտորիտարիզմի հանդեպ թուլությունն, ի դեպ, հասարակությունից ավելի լավ, ցույց են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ այլ երկրների (օրինակ` Ռուսաստանի) ղեկավարների առջև ցուցանելով իրենց թուլությունն ու նվիրվածությունը: Դա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, ապա այն, լայն իմաստով, այլընտրանք չի էլ ունեցել: Այսինքն, այնպես չէ, որ մեր հասարակությունն ունեցել է ժողովրդավար առաջնորդներ, սակայն նախընտրել է ավտորիտարներին:

Անկախ Հայաստանի երեք նախագահների միջև համեմատություն կարելի է անել ավելի կամ պակաս ժողովրդավար լինելու տեսանկյունից, սակայն, լայն իմաստով՝ երեքն էլ ավտորիտար ղեկավարներ են: Ընդ որում, գրեթե ուղղակի կապ ղեկավարի` կառավարման ոճի և նրա լեգիմության միջև: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ ներքին ժողովրդավարությամբ, մեղմ ասած, աչքի չընկնող Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում եղել է, թերևս, Հայաստանի ամենաժողովրդավարական նախագահը: Սակայն նույն Տեր-Պետրոսյանը` արդեն պաշտոնավարման երկրորդ ժամկետում` մինչև հրաժարականը հանդես է եկել միանգամայն այլ` ավելի շատ ավտորիտարիզմին բնորոշ ոճով:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է. նրա պաշտոնավարման ժամանակ ժողովրդավարությունը հանդուրժվում էր այն նվազագույն չափով, որը պետք էր, որ Հայաստանը չդասվի, ասենք, Բելառուսի կամ Վենեսուելայի կարգի երկրների շարքին: Սակայն, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ու գործող նախագահ Սերժ Սարգսյանի, նա առանձնապես չի էլ թաքցրել դա և կեղծ ժողովրդավարություն չի խաղացել: Սերժ Սարգսյանն այդ իմաստով ավելի շատ նման է Տեր-Պետրոսյանին: Ժողովրդավարության հանդեպ հռչակագրային հավատարմության պայմաններում իրականում գործում է ներքին ավտորիտարիզմի հստակ կանոններով, ինչի վկայությունն է  ներկայիս իշխանական համակարգը:

Մի խոսքով, նորանկախ Հայաստանի քսանամյա պատմության մեջ մեր հասարակությունն ընդամենը մեկ անգամ է կիսով չափ հնարավորություն ստացել ունենալ ժողովրդավարական ղեկավար, որի պաշտոնավարման շրջանում, ի դեպ,  Հայաստանը հաղթել է Ղարաբաղյան պատերազմում:

Սակայն, կրկնում ենք, այդ շրջանում ոչ այնքան Լ. Տեր-Պետրոսյանն է եղել ժողովրդավարական, որքան նրա` լեգիտիմ ընտրված լինելու հանգամանքն է ստիպել լինել այդպիսին: 1996 թվականից հետո Հայաստանում նախագահական ընտրությունները կեղծվել են, և նրան հաջորդած որևէ նախագահ չի ունեցել լեգիտիմության այնպիսի աստիճան, որը կստիպեր լինել ժողովրդավարական: Լեգիտիմության ու ժողովրդավարության միջև կապը գործում է նաև հակառակ տեսանկյունից, այսինքն` անգամ ամենաժողովրդավարական քաղաքական գործիչը չի կարող այդպիսին լինել երկրի ղեկավարի պաշտոնում, եթե նախագահ է դարձել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրությունների արդյունքում:

Առաջիկայում նախագահական ընտրություններ են, և ավտորիտարիզմի թեման կրկին արդիական է դարձել: Իշխանությունը պետք է կամ արդար ընտրություններ կազմակերպի, ինչի ռիսկերը չափազանց մեծ են, կամ հասարակությանը համոզի, որ ավտորիտար է դառնում՝ նրա նախասիրությունները բավարարելու մղումից ելնելով: Հենց դրանով էլ ներկայումս զբաղված են «հասարակական կարծիք ստեղծող» փորձագետները, քաղաքագետները, վերլուծաբաններն ու հոգեբանները:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս