5 մանիպուլյացիա աժ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի անհրաժեշտության և հրատապության մասին խոսելիս՝ ելույթ ունեցող «Իմ Քայլը» իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում և՝ վարչապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը։
Մենք առաձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորելու նպատակով։
Մանիպուլյացիա N1։ Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:
Իրականում։ ՍԴ գործող դատավորներից միայն 2-ի պաշտոնավարման ժամանակահատվածն է համընկնում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.-ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դատարանի 7 դատավորներից առնվազ 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մասնակցություն ունենալ տվյալ պրոցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:
Մանիպուլյացիա N2։ Սահմանադրական դատարանն ունի հանրային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայացված որոշումները չեն կարող լինել վստահելի։
Իրականում։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը՝ 40 %: Դատախազությունը վայելում է՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 % վստահություն:
Մանիպուլյացիա N3։ Սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումները իրենց թիրախում ունեն ԲԴԽ լիազորությունների կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում։
Իրականում։ Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշխիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողական և լայն լիազորություններ` այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնության սուբյեկտներին (ԱԺ պատգամավորներ, խմբակցություններ և կառավարություն)՝ ներդնել կարգապահական տույժերի առավել տարբերակված՝ դրանց անհատականացման առավել մեծ հնարավորություն ընձեռող համակարգ, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահովելով դատական իշխանության անկախությունը:
Մանիպուլյացիա N4։ Սահմանադրական դատարանի որոշումները անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան։
Իրականում։ Կենտրոնացված սահմանադրական վերահսկողության մոդել ունեցող երկրների պարագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրավական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահմանադրական դատարան. այստեղ այդ պարտականություններն իրականացնում է Գերագույն դատարանը: Այսօր վիճարկել Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտություն է և ճանաչված է բոլոր իրավական պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայության հիմքերը:
Մանիպուլյացիա N5։ Մեջբերում ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից․ «Եվ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում և ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար»:
Իրականում։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ Սահմանադրական դատարան չի կարող ձևավորվել հետևյալ 4 պատճառներով։
1․ Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնների համալրման հարցի կարգավորումը թողնելով օրենքի մակարդակի՝ նախագիծը նաև որևէ չափանիշ չի նախատեսում այդ ընթացակարգի համար, որը թույլ կտա զսպել սահմանադրական դատարանի քաղաքականացման գործընթացը։
2․ Դա լի է այն վտանգավոր հետևանքով, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ի լիազորությունների դադարեցման դեպքում Սահմանադրական դատարանը ձևավորվելու է պահի քաղաքական իշխանության կողմից:
3․ Վերոգրյալի մասին է վկայում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար իրականացված վերջին ընտրությունները, որի արդյունքում դատավոր ընտրվեց ակնհայտ քաղաքական հայացքներ ունեցող և գործող իշխանության հետ սերտորեն կապված Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ մինչև Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի կողմից որպես դատավորի թեկնածուներ էին առաջադրվել Գոռ Թորոսյանը և Արթուր Վաղարշյանը: Նշված երկու թեկնածուներն էլ չունեին որևիցե քաղաքական նախասիրություններ, երբևէ չէին զբաղվել քաղաքականությամբ և ծավալում էին բացառապես գիտական գործունեություն: Երկու իրավաբան գիտնականների թեկնածությունն էլ մերժվեց իշխանական պատգամավորների կողմից, որոնք դրա վերաբերյալ չներկայացրին որևէ հիմնավոր պատճառաբանություն:
4․ Այս գործընթացը վտանգավոր է և քաղաքականացնում է Սահմանադրական դատարանի կազմը նաև այն պատճառով, որ այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։
ԳՐԻԳՈՐ ԲԵԿԹԱՇՅԱՆ