«Ընտրությունը քոնն է» հ/կ-ն գոհ է Գյումրիի ընտրություններից

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 2012թ. սեպտեմբերի 9-ի՝ Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ հայտարարություն.

««Ընտրությունը քոնն է» (ԸՔ ՀԿ) դիտորդները ս.թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկել են Գյումրի քաղաքի ընտրատեղամասերի մեկ երրորդում: Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական տեղամասային կենտրոններում տիրող մթնոլորտը, ընտրական հանձնաժողովների գործողությունները, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացների օրինականությունը և ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: ԸՔ ՀԿ շրջիկ դիտորդական խմբերի կողմից դիտարկվել է նաև տեղամասային կենտրոններին հարակից տարածքներում առկա իրավիճակը:

Դիտարկված տեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացներն անցել են հիմնականում օրենքի շրջանակներում, արտաքնապես խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում: Դիտարկման համար ընտրված տեղամասային կենտրոններում հասարակական կարգի խախտման, ընտրողների կամքի վրա ներազդելու ակնառու դեպքեր չեն արձանագրվել:

Մտահոգիչ էր դիտարկված տեղամասերում ընտրողների զգալիորեն պասիվ մասնակցությունը քվեարկությանը: Դիտարկված 25 տեղամասերում՝ միասին վերցրած, ընտրողների մասնակցությունը միջինը կազմել է ընտրողների ցուցակներում առկա ընտրողների 36%-ը: Դիտարկված տեղամասերից ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը (45%) գրանցվել է թիվ 34/13 տեղամասում, ամենացածրը (26%)՝ թիվ 34/39 տեղամասում:

ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության նման ցածր ցուցանիշները վկայում են այն մասին, որ քաղաքացիները, ի տարբերություն համապետական նշանակության ընտրությունների, ինչպես հարկն է չեն կարևորում տեղական ինքնակառավարման մարմինների դերը և ՏԻՄ ընտրությունների նշանակությունը: Սա, ԸՔ ՀԿ գնահատմամբ, վկայում է նաև ընտրագործընթացների հանդեպ ընտրազանգվածի որոշակի անվստահության և հիասթափության մասին:

Դիտարկված տեղամասերում ՏԸՀ-ները լիազորված անձանց չեն հատկացրել քվեարկության արդյունքների վերջնական արձանագրությունների քաղվածքները, ինչը ԸՕ 71-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջի խախտում է: ՏԸՀ-ներն այս մերժումը պատճառաբանել են համապատասխան ձևաթղթերի բացակայությամբ և մեծ թվով առաջադրված ավագանու անդամների թեկնածուների (առաջադրված էին ավագանու 71 թեկնածու) վստահված անձանց այդ ձևաթղթերը նման քանակությամբ տրամադրելու անհնարինությամբ: Փաստենք, որ ԸԸՀ-ն պատրաստակամ է եղել տրամադրելու այդ քաղվածքները, սակայն, ըստ օրենքի, դրանք պարտավոր են տրամադրել տեղամասային ընտրական հանձնաժողովները: Քաղվածքներ տրամադրելու բարդությունը թեև ծագել է տեխնիկական պատճառներով, սակայն այսպիսով լիազորված անձիք, համապատարած կերպով զրկվել են ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփումից անմիջապես հետո՝ հենց տեղամասային կենտրոններում օրենքով իրենց հատկացվող արձանագրությունների քաղվածքներն ունենալու հնարավորությունից:

Սահմանափակ թվով տեղամասերում ԸՔ ՀԿ դիտարկումների արդյունքում արձանագրված մի շարք թերությունները վկայում են, որ ներկայումս անցկացվող ՏԻՄ ընտրություններում չի հաջողվել ձերբազատվել այնպիսի մտահոգիչ երևույթներից, ինչպիսիք են ընտրական ընթացակարգերի որոշակի խախտումները, ընտրողների կուտակումների և չլիազորված անձանց ներկայությունը տեղամասային կենտրոններում, ընտրողների ցուցակներում ընտրողների անվան բացակայության դեպքերը, որոշ տեղամասային կենտրոններին հարող տարածքներում ավտոմեքենաների և մարդկանց կուտակումները (արձանագրված թերությունների մասին տեղեկատվությունը՝ կից հավելվածում): Արձանագրված թերությունները համատարած բնույթ չեն կրել և չեն ազդել քվեարկության և ձայների հաշվարկի բնականոն ընթացքի վրա:

Հավելված.

Անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնքման առնչութամբ ծագած խնդիրները

Քվեարկությունը մեկնարկելուց հետո՝ մինչև ժ.10:00-ն դիտարկվող տեղամասերում խնդիրներ են ծագել անձը հաստատող փաստաթղթերում իրականացվող քեվարկության վերաբերյալ հավաստող դրոշմակնիքի թանաքը ժամանակից շուտ անհետանալու փաստի առնչությամբ: Անհետացող թանաքի՝ ժամանակից շուտ անհետանալը կարող էր կրկնակի և բազմակի քվեարկություն իրականացնելու հնարավորություն ընձեռել:

Հարցը կարգավորվել է վերադաս ընտրական հանձնաժողովի կողմից՝ անհետացող թանաքը փոխարինելով սովորականով:

Ընտրական ընթացակարգի խախտումները

Թիվ 34/39, 34/49, 34/55, 34/57 ՏԸՀ-ները ձայների հաշվարկն սկսել են կարճատև ընդմիջելուց հետո՝ ՀՀ ԸՕ 71-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի խախտումով:

Ընտրողների կուտակումները

Թիվ 34/31, 34/32 տեղամասային կենտրոններում արձանագրվել են ընտրողների կուտակումների՝ 15-ից ավելի ընտրողի ներկայության դեպքեր, սակայն ՏԸՀ-ներին հաջողվել է տիրապետել իրավիճակին:

Ընտրողների ցուցակների թերությունները

Թիվ 34/20 տեղամասի ընտրողների ցուցակներում որոշ ընտրողների անուններ բացակայել են, ինչը խոչընդոտել է նրանց ընտրական իրավունքի իրացմանը:

Տեղամասային կենտրոններում չլիազորված անձանց ներկայությունը

Թիվ 34/09, 34/19, 34/49, 34/55 ՏԸՀ-ներում արձանագրվել են ոստիկանության աշխատակիցների անհարկի ներկայության դեպքեր:

Թիվ 34/20 ՏԸՀ-ում արձանագրվել է անհայտ անձանց ներկայություն:

Չլիազորված անձանց ներկայությունը տեղամասային կենտրոններում, ԸՔ ՀԿ գնահատմամբ, անօրինական ներազդեցություն է ընտրողների ազատ կամարտահայտության վրա:

Անօրինական քվեարկության փորձ

Թիվ 34/24 տեղամասում կատարվել է ուրիշի փոխարեն քվեարկության փորձ. անձը ներկայանալով ուրիշ քաղաքացու անձնագրով՝ ցանկացել է քվեարկել: Սակայն ՏԸՀ-ն կանխել է քրեորեն պատժելի համարվող արարքը և միջադեպի վերաբերյալ կազմել արձանագրություն: Փաստի առնչությամբ ՏԸՀ-ն դիմել է դատախազություն՝ ներկայացնելով քրեական գործ հարուցելու հիմքերը:

 Իրավիճակը տեղամասային կենտրոններին հարող տարածքներում

Դիտարկված որոշ՝ թիվ 34/19, 34/24, 34/32, 34/69, 34/70 տեղամասային կենտրոններին հարող 50մ շառավողով տարածքը գերազանցող մոտակա տարածքներում արձանագրվել են մարդկանց և մեքենաների կուտակումներ, ինչը վերացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մարդկանց և մեքենաների կուտակումները ԸՔ ՀԿ-ն գնահատում է որպես քվեարկության օրն ընտրողների կամարտահայտությունը ուղղորդելու միջոց, ինչն արգելվում է ՀՀ ԸՕ-ով:

 ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտումը

Թիվ 34/74 տեղամասային կենտրոնում տեղական «Գալա» հեռուստաընկերության աշխատակիցների և ոմն քաղաքացու միջև վիճաբանություն է ծագել, ինչը կարճ ժամանակով խոչընդոտել է քվեարկության բնականոն ընթացքը:

Թիվ 34/63 տեղամասային կենտրոնին հարող տարածքում թաղային հեղինակությունների կողմից խոչընդոտվել է տեղի լրատվամիջոցներից մեկի աշխատակցի մասնագիտական գործունեության իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս