«37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինեն». Հովիկ Աղազարյանը՝ աղմկահարույց նախագծի մասին. hraparak.am
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է, համենայնդեպս՝ նրա անունը նույնպես նշված է 37 պատգամավորների թվում, որոնք առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները, hraparak.am-ին ասել է, որ ինքն այդ նախագծի համահեղինակ չէ։ Մենք զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։
– Պարոն Աղազարյան, քիչ առաջ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրավաբանները, սահմանադրագետներն արդեն հասցրին տեսակետ հայտնել, որ դրանով վերջնականապես տապալելու եք սահմանադրական կարգը, գլխատելու եք դատական իշխանությունը։
– Որտեղի՞ց իմացան այդ ամենը, եթե մենք նախագծերը չենք քննարկել եւ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ենք պատրաստվում անել։
– Նախագիծը հրապարակված է, 37 պատգամավորներով առաջարկում եք չեղարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը։
– Ես դրանից տեղյակ չեմ, ես ուրիշ նախագծից եմ տեղյակ, որի վերաբերյալ արտահերթ է հրավիրվելու։
– Այսինքն, Դուք սահմանադրական փոփոխությունների համահեղինակ չե՞ք, բա ինչո՞ւ է Ձեր անունը գրված։
– Չէ, ես հարցի էությանն եմ տեղյակ, բայց գիտեմ, որ արտահերթը վաղն է լինելու։
– Մի խումբ պատգամավորների հետ չե՞ք առաջարկում Սահմանադրության 213-րդ հոդվածը չեղյալ համարել եւ դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։
– Այդ պատգամավորներն են առաջարկում։
– Այդ թվում՝ Դուք։
– Ըհը։
– Եվ ի՞նչ եք առաջարկում։
– Նրբություններ կան, իրավաբանական տեխնիկային ես ծանոթ չեմ, այդ տեխնիկան պետք է ճիշտ օգտագործենք, որպեսզի ժողովրդի իրավունքը՝ իշխանության միակ կրողը լինելու, կարողանանք իրականացնենք։ Հիմա իրավաբանական տեխնիկայի խնդիր պետք է լուծվի, որպեսզի ես կարողանամ հստակ պատասխանել։
– Ո՞րն է այդ իրավաբանական տեխնիկան։
– Դրա համար եմ ասում՝ սպասեք մինչեւ արտահերթ նիստ։
– Հիմա Դուք Սահմանադրությունում փոփոխություն անելու նախագծի համահեղինա՞կ եք, թե՞ ոչ, եթե այո՝ ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է Ձեր ուզածը, ի՞նչ եք առաջարկում։
– Իմ նախագիծը բոլորովին այլ է, իմը փաթեթ է, որը գտնվում է շրջանառության մեջ, իմ նախագիծը Սահմանադրության մի կետին չի վերաբերում, տարբեր կետերի է վերաբերում եւ ոչ միայն Սահմանադրության, դա դատական համակարգի բարեփոխման մասին փաթեթ է։
Հիմա սա մասնակի հարց է,որը նպատակ ունի որոշակի խնդիրներ լուծելու, որի իրավաբանական տեխնիկան մեր գործընկերները մշակում են։
– Պարոն Աղազարյան, փաստորեն, Դուք Սահմանադրության իմ նշած հոդվածի փոփոխության առաջարկով հանդես չեք եկել, բա ինչո՞ւ է Ձեր անուն-ազգանունը ստորագրվել նախագծի հեղինակների շարքում։
– Դա չի նշանակում նախագծի հեղինակ, դա նշանակում է, որ ես հավանություն եմ տվել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի եւ այդ հարցի հետ կապված քննարկում լինի։ Ի վերջո, 37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինեն։
– Այդուհանդերձ, գնահատեք այն առաջարկը, որ պետք է չեղյալ համարել Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի։
– Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ ես էլ ունեմ իմ առաջարկները, եւ, հետեւաբար, քննարկումների արդյունքում բոլորիս առաջարկներն իմի կբերենք եւ կգանք մի հայտարարի։ Էլի եմ կրկնում՝ երեսունքանի պատգամավոր չեն կարող որոշում կայացնել, ու այդ պատճառով է արտահերթ նիստ հրավիրվել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: