Ֆրանսիայում համաճարակ է հայտարարված
Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ է մահացել գրիպից, համաճարակը տարածվել է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում: Այդ մասին ասված է Ֆրանսիայի հանրային առողջության ազգային գործակալության տեղեկագրում։
«2019 թվականի նոյեմբերի 4-ից գրանցվել է գրիպով հիվանդանալու 311 ծանր դեպք, ընդ որում՝ դրանցից 49-ը տարվա հինգերորդ շաբաթում: … Մահացել է 26 մարդ՝ մինչեւ 15 տարեկան երեք երեխա, 15-64 տարեկան 12 մարդ եւ 65-ից բարձր տարիքի եւս 11 հոգի»,-նշվում է փաստաթղթում:
Եթե տարվա չորրորդ շաբաթում Ֆրանսիայի Նորմանդիա տարածաշրջանը ներկված էր նարնջագույն, մինչ երկրի մնացած ամբողջ քարտեզն արդեն կարմիր էր համաճարակից, ապա ներկայում համաճարակն ընդգրկել է երկրի ամբողջ մայրցամաքային մասը:
Նաեւ համաճարակ է հայտարարված Անտիլյան կղզիներում, իսկ Ռեունյոնում այն արդեն ավարտվել է: «Գրիպի ակտիվությունը մետրոպոլիայի բոլոր տարածաշրջաններում զգալի աճ է արձանագրել տարվա հինգերորդ շաբաթում: Բոլոր տարածաշրջաններն այժմ համաճարակի փուլում են»,-ասված է տեղեկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: