«ԼՂ հարցում ամեն եկած իշխանություն փորձում է իր բառապաշարի յուրահատկությունը բերել». Թևան Պողոսյան
Տեղի է ունեցել հերթական, մի քիչ ավելի երկար հանդիպում: Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներ եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ:
«Խնդիրն այստեղ հանդիպման երկարությունը չէ, այլ՝ թե ցանկացած բանակցությունից հետո ինչպես ենք կարողանալու ի շահ հայկական կողմի տեսակետներ առաջ տանել: Քննարկումներում խոսում են կոնֆիդենցիալության մասին, չգիտեմ՝ ինչու ենք դա մենք մեզ վրա վերցնում: Իմ պատկերացմամբ՝ հակառակն է. 2019-ին ԱԳ նախարարների 5 հանդիպում է տեղի ունեցել, և ամեն հանդիպումից հետո Մամեդյարովն ինքն իր պատմությունն է պատմել, դա ներազդել է մեզ վրա, 2 շաբաթ իրար ինչ ասես՝ ասել ենք, որից հետո հասկացել ենք՝ որևէ բան տեղից չի շարժվել, իսկ ամեն ինչ ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի Բրատիսլավայի ելույթով: Հիմա երևի քննարկվել է, թե որն է պատճառը, երևի ՄԽ համանախագահներին տեղ է հասել այն գիտակցությունը, որ պետք է կարողանան զսպել, որպեսզի ամեն հանդիպումից հետո Ադրբեջանը մեկնաբանություններ և հարցազրույցներ չանի»,- նշեց Պողոսյանը:
168.am-ի հարցին, թե ՀՀ-ի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ կան ձևակերպումներ, որոնք որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների մոտ մտահոգության տեղիք են տվել, օրինակ՝ «տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտություն», «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ»: Երկրորդ՝ խոսվում է ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքների և տարրերի մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե չի ընդունում բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, այս դեպքում ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը»:
Մեր հարցերին ի պատասխան՝ Թևան Պողոսյանն ակնարկեց՝ ինչ-որ մի բան դրված կլինի դրանց հիմքում, և, որ իր համար ցանկացած փաստաթուղթ, որը գաղտնազերծվում է, դառնում է մեռյալ, ինչը եղավ Մադրիդյան սկզբունքների դեպքում:
Ինչ վերաբերում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպմանը, ապա, ըստ քաղաքագետի, ամեն եկած իշխանություն փորձում է իր բառապաշարի յուրահատկությունը բերել: Մի բան պարզ է՝ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է, որն իր ճանապարհը հարթելով գնում է: