Բաժիններ՝

Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարց, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց` դա ենթադրում է նաև միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, և ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:

Հանձնաժողովի նիստում քննարկել են նաև Չինաստանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցերը: «Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ պարզապես փորձելու են նվազեցնել պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքացիների մուտքը Հայաստան:

Հունվարի 30-ի ուշ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ: Դա պայմանավորված է եղել նրանով, որ երեկ արձանագրվել է Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս