Ուզում են հասնել նրան, որ Գևորգ Պետրոսյանը մանդատը վայր դնի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գեւորգ Պետրոսյանն է. Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», եւ կոնֆլիկտն ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ՝ հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի՝ հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց մեր աղբյուրը:
Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք Պետրոսյանին։ «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. ինձ մի մարդ կարող է ասել` մանդատը վայր դիր, նա այդ կարծիքին չէ»:
Դե հիմա «այդ մարդու» դեմ եւս ռեպրեսիաներ են սկսել։ «Այսօր Հայաստանում բոլորի դեմ են ռեպրեսիաներ սկսվել։ Էդպես լինի, բոլորս պետք է մեր իրերը հավաքենք, Հայաստանից գնանք. թող իրենք գնան, մանավանդ որ Հայաստանն իրենց համար խորթ երկիր է։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա նախաձեռնող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանությունը, պարտավոր էր հայեցակարգ ներկայացնել, թե ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ թիրախներ ունեն այդ փոփոխությունները։
Հայեցակարգ չկա, ինչն էլ խելամիտ է դարձնում վարկածը, որ փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար, այդ թվում եւ ՍԴ նախագահի, պետական համակարգը յուրայիններով համալրելու, նախագահական ուղիղ կառավարման անցնելու։
Ի դեպ, հանձնաժողովը կազմված է լոյալ, յուրային մարդկանցից, ընդ որում, կան նաեւ մարդիկ, որոնց ներկայությունը խիստ տարակուսանք է պատճառում, զորօրինակ` ի՞նչ կապ ունի Դանիել Իոաննիսյանը Սահմանադրության հետ, նա կարծես թե ֆիզիկոս է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: