Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների
Հունվարի 26-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ: Հնչել է Հանրապետական մաղթանք և միասնական աղոթք Հայաստանի և Հայոց բանակի հզորացման, ամրապնդման համար։
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողության մասնակիցները միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում, ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների:
Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացել են գերատեսչական պարգևների: