«Իրանը պատրաստ է երկխոսություն վարել հարևանների հետ». Զարիֆ
Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Իրանը բաց է մնում իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր էջում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «ողջունում է ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը եւ կայունություն ու բարգավաճում է բերում նրանց»:
Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի եւ էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արեւելքին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: