Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին: Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հունվարի 22-ի երեկոյան տարածվել է վարչապետի դիվանատան կողմից։

«Խորհրդարանն ընդունեց Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, եւ դա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին, եւ առաջ կգնանք որպես մեկ ամբողջություն»,- ասել է Ջոնսոնը՝ հորդորելով վերջ դնել Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների վեճերին եւ կենտրոնանալ թագավորության հրատապ խնդիրների լուծման, հանցավորության դեմ պայքարի եւ հիվանդանոցների աշխատանքի բարելավման վրա:

Այն բանից հետո, երբ հունվարի 22-ի երեկոյան Brexit-ի մասին բիլլը Համայնքների պալատից անմիջապես հետո հաստատվեց բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի կողմից, այն պետք է ստորագրի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն հունվարի 23-ին կամ ուրբաթ օրը, ինչից հետո ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանները որոշող փաստաթուղթն օրենքի ուժ կստանա: Դա թույլ կտա Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին վավերացնել Brexit-ի պայմանների մասին համաձայնագիրը, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս