Իջևանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում չէր ստացվել: Տավուշի մարզի Սևքար գյուղում ապրող տանտերերը գուցե դեռ չէին էլ նկատել դրամապանակի բացակայությունը, ինչը, սակայն, չխանգարեց Իջևանի ոստիկաններին՝ բացահայտելու այն:
Հունվարի 21-ի ցերեկը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Իջևանի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սևքար գյուղի բնակիչ, 17-ամյա մի պատանու: Նա խոստովանեց, որ երեք օր առաջ, հունվարի 18-ին, ժամը 13-ի սահմաններում, երբ հարևանները տանը չէին, խոհանոցի պատուհանը հրել-բացել է, մտել առանձնատուն և ննջասենյակի պահարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ կար 150 հազար դրամ:
Տանտիրոջից ընդունվել է հաղորդում, նախապատրաստվում են նյութեր: