Արտաքինի և ներքինի հարաբերությունը հաճախ հակասություններով հարուստ պատկերող քանդակագործը

Ասում է երիտասարդ քանդակագործ Միքայել Օhանջանյանը

«Ինձ համար կարևոր է ոչ միայն քանդակ ստեղծելը, այլ նաև այն, թե ինչ է տեղի ունենում քանդակի մակերեսի սահմանից այն կողմ: Այսինքն՝ քանդակը ներկայացնել ոչ միայն որպես ծավալ, այլ՝ որպես մի օրգանիզմ, որը ժամանակակից մարդու հոգեվիճակ է պատկերում: Քանդակ, որը ոչ թե դիտողին պարտադրում է իր իրականությունը, այլ ընկալում է նրան իր տարածության մեջ: Իմ թեման հիմնականում ներքին իրականությունների և հակասությունների պատկերումն է:

Քանդակը՝ ինքը սովորաբար իր իրականությունը պարտադրող մի երևույթ է, այսինքն` դա ծավալ է, որին դու կարող ես կոնկրետ ձեռք տալ, ու ինքը պահանջում է տարածություն, որի մեջ այն գտնվում է կենտրոնում: Ստեղծագործություններս, կարծում եմ, տարբերվում են ու հետաքրքիր են նրանով, որ կարծես դուրս են գտնվում այդ սահմանից, սահմանից այն կողմ են: Այսինքն՝ իմ այս աշխատանքները ոչ միայն ներկայանում են որպես ծավալ, այլ՝ որպես օրգանիզմ, որը ներկայացնում է հոգեվիճակ, ժամանակակից մարդու հոգեվիճակ, որը դիտողն ընկալում է իր տարածության մեջ: Այս քանդակները չեն պարտադրում տարածություն, այլ դիտողին հնարավորություն են տալիս ընկալել այն իր տարածության մեջ, այստեղ կարծես հակառակ գործընթացն է ընթանում: Ինձ մոտ ստեղծագործական պրոցես է տեղի ունեցել, որը հետո քիչ-քիչ վերածվել է գրեթե երկրաչափական աբստրակցիայի: Հիմա այդ ձևով եմ աշխատում, չնայած` հիմա կոնկրետ աբստրակցիա չէ, պատկերում եմ իրականություններ, կոնկրետ հոգեվիճակներ: Ցանկացած մարդ այդ ամենն իր հոգու խորքում զգում է, բայց դա երբեք չի պատկերվում ու չի ներկայացվում: Ուստի շատ հոգեբանական անալիզներ կան արված քանդակային լեզվով: Այս ամենն ինձ համար զուտ որոնելու, փնտրելու մի ճանապարհ է, հենց մարդկային ֆիգուրան ճանաչելու ճանապարհ»,- ասում է Միքայել Օhանջանյանը:

Երիտասարդ քանդակագործը ներկայումս ապրում և աշխատում է Իտալիայի  Ֆլորենցիա՝  քաղաքում: Առաջիկայում պատրաստվում է անհատական ցուցահանդեսի, որը տեղի է ունենալու հոկտեմբերին` Բոլոնիայում: Ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր չափերի մոտ 15 ստեղծագործություններ, 2 մետրից՝ մինչև 6 սմ:

Քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ  «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Լուսանկարների հեղինակ` Andrea Messana
KEVO.biz

Տեսանյութեր

Լրահոս