«Կարծում եմ՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ գործով ունենալու ենք արդարացման ակտ». Փաստաբան
«Հասարակական հարաբերությունները զարգանում են, տեխնիկական թռիչք է տեղի ունենում, բայց մեր Քրեական օրենսգիրքը մնում է կոմունիստական հասարակական հարաբերությունների կարգավորման մակարդակում». փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ և առհասարակ «ֆեյք» էջերով ապատեղեկատվություն տարածելուն, փաստում է, որ մեր Քրեական օրենսգիրքը «ֆեյք»-երի դեմ պայքարի մեխանիզմներ չունի: Հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո վերոնշյալ «ֆեյք»-ը կեղծ տեղեկություն էր տարածել, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին հաջող իրականացված օպերացիայի համար: Լուրը հերքվել էր, և մեկ օրվա ընթացքում բացահայտվել էջը վարողը, ապա բերման ենթարկվել ԱԱԾ՝ հարցաքննության: Օգտատերը կալանավորվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ.
««Դիանա Հարությունյան»-ի պարագայում կանգնել են շատ վատ իրավիճակի առաջ. չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մի մեղադրանք, որը քիչ թե շատ առերևույթ վերաբերելի է, սակայն չի ներառում այդ նորմը: Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը, քիչ իրավաբանորեն ասած, կրոնական մոլեռանդության, ազգայնամոլության կամ ռասիզմի հոդվածն է, երբ անձի գործողությունները միտված են նման նպատակների»:
Փաստաբանի խոսքով՝ այս հոդվածը դժվար ապացուցելի է այն դեպքում, երբ չկա խոստովանական ցուցմունք, իսկ «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարողը հարցաքննության ընթացքում ասել է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ և անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ելնելով լսածից՝ փաստում է.
«Խոստովանական ցուցմունք չլինելու պարագայում գրեթե անհնար կլինի մեղքն ապացուցելը, տվյալ դեպքում մենք դա չունենք, և որքանով ինձ է հայտնի, նա ունի բավական փորձառու պաշտպան: Իմ կարծիքով՝ այս գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ, քանի որ չունենք նորմ, որը կարգավորի այդ իրավահարաբերությունը»:
Չնայած ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ շարունակելու է փնտրել և գտնել «ֆեյք» օգտատերերի, Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ նրանք այդպիսի լիազորություն, առավել ևս՝ պարտականություն չունեն: Փաստաբանի հավաստմամբ՝ չկա նաև նորմ, որը պատիժ նախատեսի, օրինակ՝ իրական օգտատիրոջ կամ լրատվամիջոցի տարածած կեղծ տեղեկատվության համար: Դաշտի կարգավորման համար փաստաբանն առաջարկում է նոր մեխանիզմներ մշակել, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հակադարձում է, որ այդ պարագայում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, օրինակ՝ հումորային լուրեր տարածողները: Փաստաբանը համաձայն է՝ սահմանը շատ նուրբ է, բայց կարգավորումներ ամեն դեպքում պետք են: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորվել է պատկերացում, որ «ֆեյք»-ը վատ բան է, ինչն այդքան էլ այդպես չէ:
«Դա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր կարծիք է: Այս տեսակետը ակնհայտ պահանջ է ներառում, որ բոլոր օգտատերերը ցանցում լինեն բաց, բայց մարդը կարող է ընդդիմադիր հայացքներ ունենալ, չուզենալ իր դեմքով ներկայանալ, ու ասելիք ունենալ: Այս տեսակետի պատճառով շուտով հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել բոլոր նրանց, որոնք բաց խոսել չեն կարող: Պետք է հիշել, որ կան բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետին զարմացրել է այն փաստը, որ «Դիանա Հարությունյան» կեղծ էջի վարողը հայ է, քանի որ, ինչպես ինքն է պնդում, ակնհայտ ադրբեջանական ձեռագիր է: Սամվել Մարտիրոսյանը պնդում է՝ եթե «ֆեյք»-ը հասնում է իր նպատակին, ապա մեղավորը այն համակարգն է, որի դեմ աշխատում է «ֆեյքը».
«Եթե ասեղով հնարավոր է ինքնաթիռ ծակել, ուրեմն ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի»:
Ինչո՞ւ կեղծ ինֆորմացիան կարողացավ այդքան արագ տարածվել: Մեդիափորձագետի պնդմամբ՝ պատճառը բաց տարածությունն էր ինֆորմացիայի շուրջ՝ կար ակնհայտ հանրային հետաքրքրություն, բայց չկար արտահայտված պետական դիրքորոշում:
«Մեզ մոտ քաոտիկ վիճակ է, ինչ-որ մի նախարարությունում նախարարն ինքն է իր մամուլի խոսնակը, ինչ-որ մի նախարարությունում՝ չգիտենք, թե ո՞վ է, մյուսում մամուլի խոսնակը պրոակտիվ է: Վախտը գիտի, բախտը գիտի: Պետությունը պետք է ունենա հանրային կապերի հստակ ստրատեգիա, հստակ պատասխանատուներ, հստակ պետք է պարզ լինի՝ ֆեյսբուքյան գրառումը պաշտոնական տեղեկատվությո՞ւն է, թե՞ ոչ, 5 ժամանոց լայվի 3 ժամ 47-րդ րոպեի հայտարարությունը պաշտոնակա՞ն է, թե պե՞տք է սպասել պաշտոնական հաղորդագրության: Այսպիսի դեպքերում լինում է հատվածային դատարկություն, այդտեղ էլ սողոսկում են ֆեյքերը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետը վստահ է՝ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է կրթել հանրությանն ու լրատվամիջոցների համար ստեղծել հարմար միջավայր օպերատիվ աշխատելու համար: