Լեյբորիստական կուսակցությունը գլխավորելու համար պայքարում է չորս կին, բայց առաջատարը տղամարդ է
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հինգ անդամ է պայքարում կազմակերպության ղեկավար դառնալու համար, նրանց թվում չորս կին է եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել է Financial Times-ը: Հունվարի 13-ին նրանք բոլորն էլ հաղթահարել են բրիտանացի լեյբորիստ պատգամավորների 22 ձայնի շեմը: Ամենից շատ ձայն՝ 89, հավաքել է Brexit-ի գործերի ստվերային նախարար Քիր Սթարմերը: Բուքմեյքերները նրան մրցարշավի ֆավորիտն են համարում, չնայած այն բանին, որ լեյբորիստներից շատերը հայտարարում են, որ կուսակցությանը կին ղեկավար է հարկավոր:
Բիզնեսի ստվերային նախարար Ռեբեկա Լոնգ-Բեյլին հավաքել է 33 ձայն, շարքային պատգամավորներ Լայզա Նենդին եւ Ջես Ֆիլիփսն ապահովել են 31 եւ 23 ձայն՝ համապատասխանաբար: Նաեւ 23 ձայն է ստացել արտաքին գործերի ստվերային նախարար Էմիլի Թորնբերրին:
Եվս մեկ թեկնածու՝ Քլայվ Լյուիսը, կամավոր դուրս է եկել կուսակցապետի պաշտոնի համար պայքարից: Այժմ թեկնածուներին հարկավոր է մինչեւ փետրվարի 14-ն ապահովել կուսակցությունից կախված երեք կառույցի աջակցությունը, որոնցից երկուսը պետք է լինեն արհմիություններ, կամ օկրուգային կուսակցական կազմակերպությունների 5 տոկոսի աջակցությունը:
Դրան կհաջորդի քվեարկությունը փոստով, որին կմասնակցեն Լեյբորիստական կուսակցության շուրջ 500 հազար անդամներ: Կուսակցության նոր ղեկավարի անունը կհայտարարվի ապրիլի 4-ին: Լեյբորիստների նախորդ առաջնորդ Ջերեմի Քորբինը կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում այն ամենավատ արդյունքը ցույց տվեց 1935 թվականից ի վեր: Լեյբորիստական կուսակցությունը բրիտանական ընտրություններում հաղթանակ չի տարել 2005 թվականից, երբ երրորդ անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց լեյբորիստ Թոնի Բլերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: